23/10/2014 17:16
ԼՂՀ. Հրամանագիր՝ ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ հրամանագրի` 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: