23/10/2014 16:24
«Ով հղիանա, ում բյուջեն լցվի». Բողոք՝ մայրության նպաստի կրճատման դեմ
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ հղի կանայք, հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ: Կանանց էին միացել նաև տղամարդիկ ու այլ անհատներ: Ինչպես միշտ, կառավարության շրջակայքում հասարակական կարգն էին վերահսկում ոստիկանները:
Ակցիայի մասնակիցները՝ «Ես դեռ չծնված խլում եք իմ տակաշորի գումարը», «Ամոթ է հղիների գումարներով պետբյուջե լցնեք», «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Ով հղիանա, ում բյուջեն լցվի» և այլ ցուցապաստառներով կառավարությանը կոչ էին անում հետ կանչել հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագիծը:
Ակցիայի մասնակիներին էր միացել նաև «Կանանց աջակցման կենտրոնը», որի անդամներից Պերճուհի Կաժոյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ սա կառավարության կողմից իրականացվող միտումնավոր քայլ է, որով լավության կարգով ուզում են աշխատող կանանց վնաս հասցնել: «Այսինքն՝ աշխատող կանայք իրենց աշխատած գումարի կեսից փաստորեն զրկվում են»,- ասաց նա:
Վերջինիս հավաստմամբ՝ ակցիան ինքնաբուխ է, իսկ կազմակերպությունը միշտ հետևողական է նման կարևորության խնդիրների ու հարցերի նկատմամբ:
«Ակցիան քաղաքացիական նախաձեռնություն է, սակայն դրան մանսակցում են թե՛ անհատներ, թե՛ կազմակերպություններ: Մենք աշխատում ենք միշտ հետևողական լինել և ուշադրություն դարձնել այս և նման կարևոր խնդիրներին: Սա կանանց իրավունքների ոտնահարում է»,- ասաց նա:
«Տուն գնալով՝ ոչ մի բանի էլ չենք հասնի: Ունենք նաև հաջողված բողոքի ակցիաների օրինակներ: Դա հղիների ստացիոնար բուժման հետ էր կապված, որի դեմ բողոքի ակցիայի կազմակերպչական աշխատանքները մի գիշերվա մեջ էինք նախաձեռնել և արդյունք ունեցանք»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր էլ ակցիային թվով մեծ մարդիկ են մասնակցում, ինչը շատ ուրախալի է:
Հարցին, թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կհանդիպի՞ ձեզ հետ, ակտիվիստը դժվարացավ պատասխանել:
Նշենք, որ նախարարն, իհարկե, նիստի ավատից հետ դուրս եկավ Կառավարության ետնամուտքով, իսկ հղի կանանց մեծ մասը փողոցում անհամբերությամբ սպասում էին, թե երբ կառավարությունից կարձագանքեն: Տեսնելով, որ արձագանքն ուշանում է՝ ակցիայի մասնակիցները որոշեցին աղաղակել.
«Ամոթ, ամոթ»…
Քիչ ավելի ուշ ակցիային միացան նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:
Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Մանեն հայտարարեց, որ հղիների միջոցներով պետական այրերը փորձում են հերթական թալանը նախաձեռնել՝ նշելով, որ սա ևս յուրօրինակ թալանի ձև է:
«Երեխա ունենալու խնդիրը, հարգելի կառավարություն, դա միայն ծննդաբերությունը չէ: Երեխային պետք է նաև մեծացնել: Դրա համար անհրաժեշտ են մշտական՝ ամենամսյա և տևական եկամուտներ: Եվ աշխատող կանայք, ովքեր առանց այդ էլ իրենց ուսերին այսօր կրում են բազմաթիվ դժվարություններ, ստիպված են այս անգամ էլ հետաձգել մայրանալու հերթական բերկրանքը: Բացի այս՝ կառավարությունը հայտարարեց, թե նպաստներն ուզում է չաշխատող կանանց վճարել 2016 թվականից: Ինչո՞ւ են պահումները իրականացվում 2015 թվականից: Որևէ մեկն ունի՞ այս հարցի պատասխանը: Իհարկե, նրանք ուզում են այդ մեկ տարվա գումարները հավաքել և լցնել ապաշնորհ քաղաքականության հետևանքով առաջացած բազմիաթիվ անցքեր: Եթե ուզում եք հարստանալ, ապա դա բազմացող ու աշխատող մայրերի գրպանի հաշվին պետք չէ անել: Կան բազմիաթիվ միջոցներ, որտեղից կարող եք չաշխատող մայրերին գումարներ հատկացնել: Դա կարող եք անել ասֆալտ քանդել-հավաքելու, ֆասադներ վերանորոգելու ժամանակ գոյացած գումարներից, որոնք յուրացնում եք դուք»,- հայտարարեց Մանեն, ով ընդգծեց նաև, որ հղիներին հասցված վնասն անդառնալի է լինելու:
Նա հայտարարեց նաև, որ ակցիայի մասնակիցները պատրաստել են մի նամակ, որն ուզում են հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Մինչ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ձեռքներդ հեռու մեր գրպաններից», «ամոթ է, հերիք է», ցուցարարներին մոտեցավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ցուցարարներից վերցրեց նամակը և խոստացավ այն փոխանցել վարչապետին:
«Պետությունից ակնկալում ենք նույնքան պատասխան, որքան այս օրենքում կան խնդրահարույց կետեր: Դրանք մեջբերված են նամակում»,- Ղազարյանին դիմեց ակտիվիստներից մեկը:
Նախորդող հրապարակում՝ Ակցիա Կառավարության մոտ. Հղի կանայք խոստանում են շարունակական ակցիաներ