23/10/2014 13:31
«ԵՏՄ-ին անդամակցումը կհեշտացնի տնտեսական հարաբերությունների զարգացումը»
«Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը ավելի կհեշտացնի տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է այդ համատեքստում, ինչի մասին է վկայում այստեղ ներկայացված ընկերությունների քանակը»,-այսօր EXPO-Russia Armenia 6-րդ ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Այս պահին տեղի է ունենում հայ-ռուսական ընկերությունների միջև համագործակցության ընդլայնման միջոցառումներ, իսկ դա, նրա խոսքով, նշանակում է, որ ընկերությունները նույնպես զգում են հայ-ռուսական տնտեսական համագործակցության ներուժը և հնարավորությունները:
Իր հերթին, Մաքսային միության և ԱՊՀ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ Օլեգ Միզերկովը նշեց, որ իրենք հույս ունեն՝ Հայաստանը նույնպես տնտեսական համագործակցության այն տեմպերը կհավաքի, որոնք այժմ առկա են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման առումով:
«Ռուսական և հայկական ընկերությունները պատրաստ են ընդլայնել իրենց համագործակցությունը նաև այս ցուցահանդեսից դուրս և, ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությումը ԵՏՄ-ի պայմանագրին դրան նպաստելու է»,-նշեց Օ.Միզերկովը:
Միջոցառմանը ներկա Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց, որ նախկինում առևտրային ցուցահանդեսները սահմանափակվում էին միայն ԶԼՄ-ներում դրանք լուսաբանելով, իսկ անհրաժեշտ է, որ ընկերությունները սկսեն համագործակցել և գտնեն իրենց համար տնտեսական գործընկերներ:
«Կարծում եմ մեկ տարի հետո պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնց կհասնենք այս տարվա ընթացքում»,-նշեց Ա.Բաբկոն:
EXPO-Russia Armenia 6-րդ ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նախորդող հրապարակում ՝ Նախագահն այցելեց «Էքսպո Ռուսաստան-Հայաստան» արդյունաբերական ցուցահանդես