23/10/2014 19:07
Մենք նպաստ չենք ուզում, այլ ուզում ենք փոխհատուցում. Ցուցարար
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ այն մեծապես ազդելու է այսօրվա հղիների նյութական վիճակի վրա: Այսօր Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ցուցարարներից Մարիամ Նիկողոսյանը, ով արդեն երկորդ անգամ է մայրանալ պատրաստվում: «Օրենքի ընդունմամբ՝ մեր եկամուտների 20-40 տոկոսի կրճատում է սպասվում, իսկ դա ձեռք չի տալիս աշխատող մայրերին: Երբ որ մեզանից հարկ են վերցնում, չեն ասում, ոչ ոք չի ասում, թե մենք քիչ աշխատավարձ ենք ստանում, բայց հիմա ասում են»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց նա:
Մարիամը պատմեց, որ վերջին ընկերությունում աշխատում է արդեն շուրջ 10 տարի, իսկ այդ ստաժը փաստորեն չեն հաշվում: «Վճարում ենք 26 տոկոս հարկ: Իսկ, երբ որ պետք է փոխհատուցում լինի, վերևներից որոշել են, որ քիչ ենք ստանալու, որովհետև քիչ ենք աշխատելու: Շատ տգեղ երևույթ է»,- նկատեց Մարիամը՝ հավելելով, որ կորում են ոչ միայն իրենց գումարները, այլև աշխատանքային փորձը: «Սխալ է մեր իրավունքների սհմանափակումը, աշխատանքի իրավունքից ու աշխատանքից զրկելը: Ունեմ տաս տարվա փորձ, լավ հնարավորություններ ավելի լավ տեղ աշխատելու ու ավելի բարձր վարձատրվելու, բայց մեզ ուզում են կտրել նաև այդ հնարավորությունից, իսկ փոխարնեը ոչ մի կերպ չեն ուզում փոխհատուցել դա»,- ասաց նա:
Մարիամի խոսքով՝ ինքն ամսեկան ստացել է 50 հազար դրամ, իսկ եթե այն անգամ յոթապատկվի էլ, ապա կոպիտ հաշվարկներով ստացվում է 350 հազար դրամ: «Դա 2.6 մլն գումար չի կազմում, դա հորինված թիվ է»,- հավելեց ցուցարարը:
Լրագրողի հարցին՝ ձեր մոտավոր հաշվարկներով իսկ որքա՞ն պետք է ստանաք դուք, տիկինը պատասխանեց, թե ավելի շատ: «Հարցը կայանում է նրանում, թե կոնկրետ ինչպես կհաշվեն: Հնարավոր է, որ ես 50 տոկոսը ստանամ: Չեմ կարող կոնկրետ ասել: Չի բացառվում, որ 1 մլն դրամ կորցնեմ»:
Aysor.am-ի հարցին, թե ինչ եք ակնկալում կառավարությունից, Մարիամը պատասխանեց, որ ուզում են, որպեսզի կառավարությունը սթափվի և հականա, որ չի կարելի նման կտրուկ որոշումներ կայացնել: «Պետք է մտածել, որ աշխատող մայրերը շատ կարևոր դեր են խաղում մեր երկրի սոցիալական վիճակի համար: Եթե մենք չաշխատենք, ապա ո՞վ պետք է աշխատի: Կա շուրջ 13 հազար աշխատող, ովքեր մեծ հարկեր են վճարում: Եթե մենք էլ չախատենք, էլ ով է այս երկիրը պահելու: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ մենք քիչ չենք: Մենք շատ ենք, և պահանջում ենք մեր հասանելիքը: Մենք նպաստ չեն ուզում, մենք ուզում ենք փոխհատուցում»,- եզրափակեց Մարիամը: