23/10/2014 14:44
Պարույր Հայրիկյան. Ինչի՞ իմ գործերը պիտի մի կողմ դնեմ ու միանամ եռյակին
Պարույր Հայրիկյանը չի մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքին: Այս մասին ԱԻՄ առաջնորդն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ուզում եմ հասկանալ՝ հանուն ինչի՞ իմ գործերը պիտի մի կողմ դնեմ ու միանամ այդ շարժմանը: Ես եռյակի նպատակը չեմ հասկանում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ եռյակի գործունեության մեջ իր համար գրավիչ է այն, որ ոչ իշխանական ուժերը դեմ են սահմանադարական բարեփոխումներին.
«Կարծում եմ, որ եթե եռյակի ուժերը, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջնային հարցերում միասնական լինեն, տասներորդական հարցերում ինչքան էլ տարաձայնություններ ունենան, ազդեցություն չի ունենա»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը նախագահի պաշտոնում՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ վերջինս բիզնեսմեն է և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի.
«Եթե բիզնեսմենը լավն է, ապա նա ամեն ինչ պիտի ծառայեցնի իր գործին: Իսկ քաղաքականությունն իր բիզնեսի գործին ծառայեցնելը հանցագործություն է, հակառակ դեպքում դու վատ բիզնեսմեն ես դառնում: Իսկ ես չեմ ուզում, որ մենք ՀՀ-ում ունենանք վատ բիզնեսմեններ»,- ասաց Պարույր Հայրիկյանը: