23/10/2014 18:00
Երևանի որոշ հատվածներում խափանվել են լուսացույցեր. Վերականգնվել է 12 ցուցիչ
Հոկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի որոշ հատվածներում տեղի ունեցած հոսանքի կտրուկ տատանումների արդյունքում խափանվել են լուսացույցերի կանաչ ազդանշանի հետադարձ հաշվի ցուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանքներ են տարվում նշված սարքերը հնարավորինս արագ վերանորոգելու և տեղադրելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 23-ի դրությամբ արդեն վերականգնվել է 12 ցուցիչների աշխատանքը: Խափանված մյուս ցուցիչների աշխատանքն ամբողջովին կվերականգնվի մինչև հոկտեմբերի 26-ը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայցում է տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների ներողամտությունը: