23/10/2014 13:49
«Վնուկովո» օդանավակայանի 4 աշխատակից ձերբակալվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովն ու նրա տեղակալ Սերգեյ Սոլնցևը հրաժարական են տվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ օդանավակայանում կործանվել էր մասնավոր ինքնաթիռ: Այն Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձնահավաք մեքենային, իսկ բախման հետևանքով հրդեհ էր բռնկվել: Օդանավի սրահում գտնվել էր ֆրանսիական Total խոշոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին:
«Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցածի վերաբերյալ իրենց վրա զգալով պատասխանատվություն՝ տնօրեն Անդրեյ Դյակովն ու նրա տեղակալ Սերգեյ Սոլնցևը հրաժարական են տվել»,- ասված է կայքում:
Բացի այդ, ռուսական BBC-ի փոխանցմամբ, օդանավակայանի չորս աշխատակից ձերբակալվել և հարցաքննվել է՝ որպես ինքնաթիռի վթարի կասկածյալ:
Հաղորդվում է, որ ձերբակալվել են աերոդրոմի ծառայության առաջատար ինժեները, ով գլխավորում էր ձնահավաքի գործը, թռիչքների ղեկավարը, թռիչքների մենեջերը և նրա ստաժորը, ովքեր վթարի ժամանակ ղեկավարել են օդային երթևեկությունը:
Նախորդող հրապարակում՝ Աղետ «Վնուկովոյում». Մահացել է Total նավթային ընկերության ղեկավարը