23/10/2014 15:33
Փոստանջյան. Առաջարկությունս ընդունելու դեպքում կձևավորվի միասնական օրակարգ
Հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու որոշում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռ չի կայացրել: Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունել-չընդունելուց է կախված նրա մասնակցությունը:
«Ես ակնկալում եմ, որ այդ առաջարկությունները կընդունեն և կձևավորվի միասնական օրակարգի հրապարակ, ինչը մինչ օրս մենք չենք տեսել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսկաետ կա, որ ինքը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշել են դաշինք ձևավորել, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Այդ միասնությունը պետք է լինի ոչ թե իմ և Նիկոլ Փաշինյանի միջև, այլև՝ բոլորիս միջև: Այդ միասնությանը պետք է մասնակցեն բոլորը` բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը»:
Այս հարցի շուրջ փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից, բայց վերջինս զբաղված էր:
Զարուհի Փոստանջյանի առաջարկների վերաբերյալ հարց ուղղեցինք նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:
Ի պատասխան նա ասաց, որ Փոստանջյանի ներկայացրած առաջարկները ոչ եռյակի նիստում, ոչ էլ կուսակցության վարչությունում չեն քննարկվել:
«Զարուհի Փոստանջյանի առաջարկությունները «Ժառանգությունում» չեն քննարկվել: Այն առաջարկությունները, որոնք վերաբերում են միասնական օրակարգին, պետք է հաստատված լինեն թե՛ կուսակցության վարչության կողմից և թե՛ եռյակի նիստում: Այսօր վարչության նիստի օրակարգում դեռ չունենք նման հարց: Մենք կուսակցությունում քննարկում ենք տարբեր առաջարկություններ, իսկ Զարուհի Փոստանջյանի առաջարկություններն առայժմ չենք քննարկելու, բայց չի բացառվում, որ դրանք ևս քննարկենք»,-ասաց նա:
Թե ինչ առաջարկների մասին է խոսում Զարուհի Փոստանջյանը, դիտեք տեսնյութում: