24/10/2014 09:56
«Ճանապարհային քարտեզի» խնդիրը. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է այսօր կայանալիք հանրահավաքին և գրել է, որ միակ հարցը, որին պետք է պատասխան տա այսօրվա հանրահավաքը, այն է` արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞, որ իր և իր կուսակցության նպատակն է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելը ու արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելը: Հեղինակը ենթադրում է, որ նույնիսկ եթե շուրջօրյա հանրահավաքներ լինեն և անընդմեջ հայհոյանքներ հնչեն իշխանության հասցեին, դա իրավիճակը չի սրի:
«Իհարկե, եթե փորձ արվի ժողովրդին տանել Բաղրամյան 26-ը գրավելու, կլինի այն, ինչ իշխանությունն անվանում է «զանգվածային անկարգություններ»` դրանից բխող բոլոր հետևանքներով: Որքան գիտեմ Գագիկ Ծառուկյանին, նա հակված չէ նման արկածախնդրության»,- գրել է հեղինակը և հեգնանքով հավելել, որ հրապարակում վրաններ խփելու դեպքում հեղափոխականները ստիպված կլինեն վրանների գլխին փակցնել Ռուսաստանի դրոշը, որպեսզի ռուսաստանցի դիտորդները չմտածեն, որ նոր «մայդան» է: