24/10/2014 14:02
ՀԱԿ պատգամավոր. Այսօրվա հանրահավաքից հիասթափություն չի լինի
«Ինձ համար ուրախալի է, որ ժողովուրդն այսքան արտագաղթից հետո հավատում է ոչ իշխանական ուժերին: Ժողվուրդը կարողացավ իր ողնաշարն ուղղել և գալ հրապարակ: Պետք է հնարավորինս ամեն ինչ արագ իրականացնենք: Երկար ժամանակի խնդիր չի կարող լինել: Հանրահավքի ինտրիգն ու հետաքրքրությունները շատ են, մեր սպասելիքները` նույնպես»,- Ճեպազրույցների ժամանակ, խոսելով այսօրվա հանրահավաքի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե ոչ իշխանական ուժերը պետք է զգույշ լինեն, որպեսզի արյունահեղություն թույլ չտան, Ա. Մանուկյանը համաձայնեց նրա հետ: «Համաձայն եմ իմ գործընկեր Արմեն Ռուստամյանի ասածի հետ, որ պետք է լինի գործընթացն առանց ցնցումների ու ձգձգումների: Ձգձգումները տարանջատումներ են միայն առաջացնում և մեծ հիասթափություն: Այդ վտանգը կա, որը ծանրացած է մեր ուսերի վրա: Մենք չենք ուզում, որպեսզի ժողովուրդը հիասթափվի ու մեզ հայհոյի: Մենք դա շատ լավ գիտակցում ենք: Շատ պարզ հասկանում ենք նաև, որ ճիշտ ասելիքը պետք է մինչև վերջ տեղ հասցնենք, որպեսզի հիասթափություն չառաջանա»,- ասաց Ա. Մանուկյանը` շեշտելով, որ քաղաքական ուժերի նպատակն է այս շարժումը գրագետ և առանց ցնցումների տեղ հասցնելը:
«Վստահ եմ, որ Մարտի մեկի իրավիճակը չի կրկնվելու, որովհետև իշխանությունն այլևս չունի ներքին ռեսուրս, չունի նաև արտաքին հովանավորչություն և աջակցություն: Մնացել են միայն լեզվանի հակաճառողները»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը չցանկացավ մանրամասնել հանրահավաքի օրակարգն ու գաղտնիքները. «Կոնկերտ սցենար չեմ կարող ասել: Դրանք կորոշվեն քաղաքական ուժերի լիդերների հետ խորհրդակցության ընթացքում»:
Արամ Մանուկյանը վստահեցրեց, թե դա մարտավարական տակտիկա է, որի մասին այլևս չի ուզում խոսել: Նրա խոսքով` քաղաքական ուժերը չեն պատրաստվում իշխանություններին հուշել իրենց անելիքը: «Մեր ելույթների թափը, տեմբրը որոշվում է առաջին շարքերում կանգնած մարդկանց աչքերից: Ես իմ էներգիան ստանում եմ նրանցից»,- եզրափակեց խոսքը նա:
Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ՝ գործողության կարիք ունի