24/10/2014 11:21
Բաքուն կֆինանսավորի Ադրբեջանը և Իրանը կապող կամրջի շինարարությունը
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթգծային վարչությունների ղեկավարները Բաքվում քննարկել են Կազվին-Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկագծի շինարարությունը արագացնելու հարցերը:
Trend-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի երկաթգծերի վարչության գլխավոր տնօրեն Մոհսին Պուրսեիդ Ագաին: Նա նշել է, որ Կազվինից մինչև Ռեշտ երկաթգծի շինարարությունը կավարտվի մինչև հաջորդ տարի:
Մոհսին Պուրսեիդ Ագաիի խոսքով՝ ադրբեջանական և իրանական Աստարա քաղաքները միմյանց կապող սահմանային կամրջի ֆինանսավորումը ստանձնել է ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2005թ.-ին: Նախագծով ենթադրվում է Իրանի տարածքում կառուցել 350 կմ երկաթգիծ և այն հասցնել մինչև ադրբեջանա-իրանական սահմանի Աստարա քաղաք:
Իրանի տարածքում երկաթգիծը ձգվելու է Պարսից ծոցի Բենդեր-Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ և ադրբեջանական սահմանին գտնվող Աստարա քաղաք:Նախատեսվում է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար պետք է ներդրվի 400 միլիոն դոլար:Երկաթգծի կյանքի կոչման համար պետք է կառուցվի 22 թունել և 15 կամուրջ:
Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Կաբասիանը հայտարարել է, որ Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի իրականացումը կակտիվացնի Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իրանցի պաշտոնյան կարևորել է սահմանային Բիլյասուվար և Աստարա անցակետերի անցումը 24-ժամանոց աշխատանքային ռեժիմին և մաքսային ծառայությունների միջև միասնական տեղակատվական համակարգի ստեղծումը: