24/10/2014 17:36
Հայաստանում բավականին մեծ առաջընթաց է նկատվում. Բուսետտո
Մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ հիանալի և ամուր հիմքերի վրա է դրված: «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեյդլի Բուսետտոն:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ երկու կարևոր բանաձև է ընդունել: Իսկ 2013 թվականին կին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ևս մեկը: Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե որո՞նք են կիրառվող չափորոշիչները, որոնք հաստատել է ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի ո՞ր կառույցն պատասխանատու մարդու իրավունքների պաշտպանության համար՝ հատկապես կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների ուղղությամբ, մշտական համակարգողը պատասխանեց, որ ՄԱԿ-ն ունի մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր մի համակարգ, որով մոնիտորինգ է իրականացնում տարբեր երկրներում, սակայն Հայաստանում առայժմ այդպիսի մոնիթորինգ չի իրականացնում:
«ՄԱԿ-ը Հայաստանում այդպիսի մոնիթորինգ չի իրականացնում, բայց մենք աջակցել ենք Հայաստանում ՄԻՊ գրասենյակի կառուցմանը: Աջակեցել ենք նաև ՀՀ Կառավարությանը և ձեռնամուխ ենք եղել մարդու իրավունքների պաշտպանության պլանի մշակմանը»,- հավելեց Բուսետտոն:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականցվում են մի շարք կարևոր միջոցառումներ և այդ իրավունքների խախտումներին ՄԱԿ գրասենյակը ծանոթանում է հիմնականում զեկույցների և հաշվետվությունների միջոցով: «Այս առումով փորձում ենք Կառավարության կարողությունները մաեծացնել: Ունենք ինչ-որ գործիք, որով ընդհանուր ուսումնասիրություններ ենք իրականացնում նաև Հայաստանում»,- ասաց նա:
Հարցին՝ ՄԻՊ-ի պաշտպանությունը ինչպե՞ս պետք է իրականացվի՝ Բուսետտոն նշեց, որ ՄԱԿ-ն այդպիսի մանդատ ևս չունի: «Մանդատ չունենք, որպեսզի պաշտպանենք Օմբուդսմենի իրավունքները: Դա այլ մեխանիզմներով է իրականացվում»,- հավելեց նա:
Ըստ Բուսետտոյի՝ Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: «Փորձում ենք կանանց աջակցել աշխատանք գտնելու ուղղությամբ ևս»,- հավելեց նա:
Անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ իրականացվող մարդու իրավունքների խախտումներին՝ Բուսետտոն նկատեց, որ հարևան երկրների համեմատությամբ, Հայաստանում բավականին մեծ առաջընթաց է նկատվում: «Առաջին անգամ կառավարությունը մշակել է մարդու իրավունքների համապարփակ գործողությունների ծրագիր: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում: Բայց ՄԱԿ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերի մարդու իրավունքների վրա, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցողները, աղքատները և այն իրավուքները, որոնք հասարակության մեջ մեկուսացված են»,- ասաց նա: