24/10/2014 13:40
Ինչի հետևանք կարող է լինել ահաբեկչական սպառնալիքի աճը Կանադայում
Ասում են, որ հոկտեմբերի 22-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ խորհրդարանի շենքում, կրակ բացած անձն «Իսլամական պետության» (ԻՊ) համակիրներից է: Ասում են նաև, որ վերոնշյալ միջադեպից մեկ օր առաջ Քվեբեկում կանադացի երկու զինվորի միտումնավոր կերպով վրաերթի ենթարկած մեկ այլ երիտասարդ ևս վերջերս է իսլամ ընդունել և դարձյալ հարում է ԻՊ-ին:
Եվ վերջապես, փորձագետները Կանադայում վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերը կապում են սրանից շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԻՊ-ի կողմից հյուսիսամերիկյան այդ պետության իշխանությունների դեմ հայտարարված սպառնալիքների հետ:
Իհարկե, այս կապը բավականաչափ տրամաբանական է, և, անշուշտ, միջադեպերը կարելի է դիտարկել հենց այդ հարթության մեջ: Մինչդեռ այստեղ ամենաէական հանգամանքն ահաբեկչական գործողությունների և ԻՊ-ի միջև ուղղակի կապի բացահայտումն է, որը գրեթե անիրական է:
Ամենավտանգավորն այս ամենում հենց երևույթների միջև անուղղակի կապի հանգամանքն է: Այսինքն՝ Կանադայում տեղի ունեցած միջադեպերը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղ արմատական գաղափարների տարածման և ազդեցության հետևանք են, այսինքն՝ հենց նման երևույթներն են ամենասպառնալիցն ու անկանխատեսելին, և գլոբալ հետևանքները ԻՊ-ի գործունեության: Երբ երկրագնդի որևէ հատվածում տարբեր գործոնների ազդեցությամբ՝ կրոնական մոլեռնդությունից մինչև գաղափարական վաակում, հոգեբանական շեղումներից մինչև սոցիալական կայացվածության կամ այլ թերարժեվորման բարդույթներ ունեցող որևէ անձը հատկապես համացանցի միջոցով հանկարծ բացահայտի, որ «վերջապես գտել է իր ես-ը», և ինչն էլ հետագայում դրսևորվի նման «քաջագործությունների» միջոցով:
Մյուս կողմից, իսկ եթե վերոնշյալ միջադեպերն, այնուամենայնիվ, միտումնավոր և կազմակերպված բնույթ են կրու՞մ: Որպես օրինակ, ոչ վաղ անցյալում Մեծ Բրիտանիան ևս կտրականապես մերժում էր իսլամականների դեմ ձևավորված ռազմական դաշինքին ուղղակի մասնակցություն ունենալուց. իրավիճակը փոխվեց, երբ «Իսլամական պետության» ներկայացուցիչը գլխատեց բրիտանացի Դևիդ Հեինսին և Ալան Հենինգին:
Գուցե այս միջադեպերը նման նպատակ են հետապնդում նաև Կանադայի՞ պարագայում: Հարցականները շատ են, իսկ ամենակարևորը, որ երևույթը, ինչ հիմքեր էլ ունենա, պարբերական չդառնա, քանի որ հնարավոր է՝ հաջորդ թիրախը դառնա Ավստրալիան: