24/10/2014 19:07
Մենք կողմ ենք խաղաղ անցման, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Ծառուկյան
Ազատության հրապարակում իր ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսեց շնորհակալություն հայտնելով՝ իրեն վստահելու և սպասելու համար:
«Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, ձեր խնդիրը, բայց նաև գիտեմ դրանց լուծման ձևը: Ես միշտ ձեր պուլսի վրա եմ, ես ձեզնից մեկն եմ, խոսում եմ ի սրտե»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Նա ասաց, որ 2009թ.-ի ճգնաժամից հետո 15 հազարից ավելի կառույց փակվել է, միլիոնավոր մարդիկ անգործ են մնացել, արտագաղթն ահագնացել է:
«Ժողովրդի վիճակը ծայրահեղ է, հարցը պետք է գործով լուծվի, մարդկանց մեծ մասը վարկերի տակ է: Այս ամենը ամոթ է, աշխատող, ստեղծող մարդուն պետք է օգնել: Ծառուկյանին ոչ մի խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանը դժվարություն, անարադարություն տեսել է, բայց մինչև վերջ իր խոսքն առաջ է տանելու:
Մարդիկ ասում էին Ծառուկյանը չի գնա, բայց Ծառուկյանը գլուխը ցավի տակ ինչո՞ւ պիտի դնի, բայց մի մարդը չի կարող լավ լինել, պետք է ազգովի լավ լինենք: Չկա մի բան, որ Ծառուկյանը խոստանա ու չանի»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Շարունակելով խոսքը՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ հաղթանակը մերն ու ձերն է: «Մենք ոչ մի անօրինական բան չենք անում, ամենակարևորն այն է, որ մենք պետք է միասին գործենք, պետք չի շտապել, շտապելով հաջողության չես հասնի: Ես ձեր կողքին եմ, ձեր կողքին կլինեմ մինչև ձեր խնդիրների լուծումը»,- ասաց Գ. Ծառուկյանը՝ ավելացնելով, որ այս ամենը դեռ քիչ է, իշխանությունը սահմանադրական բարեփոխում է կատարում, որպեսզի նորից վերարարտադրվի:
«Անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Մենք կողմ ենք խաղաղ անցման, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, սակայն մենք մայդանի կոչ չենք անում: Պատմական փոփոխությունները շատ կարևոր են, և մի բան էլ՝ ԲՀԿ-ն երկրի ներսում չունի թշնամիներ: Մենք կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով, որ այսօր որ մի նստացույց չի լինելու:
Նախորդող հրապարակումներ՝ Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան. Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրդ մի զենք եք
Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք