24/10/2014 09:05
Եռյակն իշխանափոխության հարցի շուրջ կբանակցի իշխանությունների հետ
«Հրապարակն» անդրադարձել է ոչիշխանական ուժերի այսօրվա հանրահավաքին ու գրել. «Ազգովի քննարկում են Ծառուկյանի ծրագրային ելույթը: Այն հույժ գաղտնի է պահվում, բայց որոշ տեղեկություններով, Ծառուկյանը ընտրել է ոսկե միջինը: Բնականաբար նա խրոխտ ելույթ կունենա, ժողովրդին կհայտարարի, որ կանգնած է նրանց կողքին, բայց կավելացնի, որ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում, այլ համակարգային փոփոխությունների են գնում:
Դեռ նախորդ օրը Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ եթե հոկտեմբերի 24-ին էներգետիկան ու մարդկանց քանակը բավարարի, կգնան կոնկրետ քայլերի` «իշխանությունների հետ բանակցելու»: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը երեկ սրբագրել է գործընկերոջ խոսքը. «Պարտադիր չէ կրիտիկականի հասնի, որ բանակցենք: Բանակցությունները ենթադրվում են կոնկրետ իրավիճակներից ելնելով»:
«Մելքումյանի խոսքերից ակնհայտ է, որ Եռյակը գնալու է հենց այս ճանապարհով, բայց ԲՀԿ-ական պատգամավորը հարկ համարեց նշել, որ դա իր անձնական կարծիքն է, Ծառուկյանի ծրագրի մասին կհայտնի ինքը` այսօրվա հանրահավաքում: Ամեն դեպքում ԲՀԿ պատգամավորի խորին համոզմամբ, իրենց ծրագրի հիմքում դրված է «արյունահեղություն» չանելը»,-հավելել է թերթը: