24/10/2014 19:32
«Լիտվան ջանում է ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Եվ մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընլայնման ուղիով»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախարար Լինկյավիչուսը ասել է, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։
Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են նաև հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում էին երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությամբ հիշատակեց, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:
Էդվարդ Նալբանդյանը Լինաս Լինկյավիչուսին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Նախարարները քննարկեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձան ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։
Էդվարդ Նալբանյանի և Լինաս Լինկյավիչուսի հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը: