24/10/2014 18:55
Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ: «Ազատության» հրապարակից դիմելով ժողովրդին՝ այս մասին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով, որ այդ օրիգինալ մտքի տիտանը «Ազատության» հրապարակում հավաքված մարդիկ են միայն:
«Առաջին նախագահը, շատ հարգելի… Պարոն Ծառուկյանը, նախկին ԱԳ նախարարները, պաշտոնյաները այդ մտքի տերը չեն: Հարգելի քաղաքացիներ, միայն դուք եք ասելու, թե որն է Հայաստանի վաղվա օրն ու հաղթանակը լինելու»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Հայաստանին պետք է հեղափոխություն: «Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, օրինական ու իրական»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանն ազատություն պահանջեց Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի ու Վոլոդյա Ավետիսյանի համար: «Մենք ունենք այս պահին քաղբանտարկյալներ, որոնց Սերժ Սարգսյանը պահել է բանտում, և ով ուզում է ձեռք բարձրացնել Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսանի, Վարդան Պետրոսյանի վրա՝ կպատժվի: Ազատություն նրանց»,- բղավեց նա:
Խոսելով տարաձայնությունների մասին՝ Րաֆֆի Հովահանիսյանն ընդգծեց, որ մինչև հիմա շատ են եղել դրանք, բայց այսօր այդ քաղաքական ուժերը կարողացել են համախմբվել ու պայքարը մինչև վերջ տանել: «Իհարկե, որոշ հարցերում համաձայն չենք, բայց մեր հաղթանակի հիմքը մեր ներքին ազատությունն է: Արտաքին հարցերի մասին մենք չպետք է խոսեինք, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց: Դա իր ազատ իրավունքն է և ես հարգում եմ նրա այդ իրավունքը: Ես ուզում եմ ասել, որ ամեն մեկն ազատ է իր հայրենիքում, սա մեր իրավունքն է»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ քաղաքական ուժերը դեմ են Հայաստան-Թուրքիա «հակապետական» արձանագրություներին, դեմ են նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
«5 տարի հետո հայ-թուրքական արձանագրությունները պետք է այդ մարդու՝ գրողի ծոցն ուղարկվեն: Դեմ ենք նաև ԵՏՄ անդամակցությանը: Սերժ Սարգսյանն իր ոչ լեգիտիմ ստորագրությամբ Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ: Սրա մեջ ոչ մեկը չպետք է խեղաթյուրի իրականությունը: Այստեղ հակառուսականություն կամ արևմտամետություն չկա: Այստեղ կա Հայաստանի իրավունքը, որը մերն է: Մենք կողմնակից ենք եղել Եվրոպական սերտաճմանը, բայց հիմա մենք դա ևս վերանայում ենք: Մենք տեսնում ենք, որ այս փուչ աշխարհում բոլորը նույն են՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ԱՄՆ-ը, որ ճանաչեց կեղծ ընտրությունները: Լիարժեք պետություն ունենալու համար մեզ պետք է միայն ինքնիշխան պետություն»,- հայտարարեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրդ մի զենք եք
Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք
Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան
Վարդան Օսկանյան. Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում