24/10/2014 20:16
Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը հիմնանորոգվել է ամբողջությամբ
Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Քաղաքապետը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված այսօր արդեն իր դռներն է բացել ավելի քան 450 սաների առջև: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կավելանա կրթօջախի դիմորդների թիվը: Դպրոց հաճախող սաների ծնողները ևս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ այս կառույցն արդեն լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին: «Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Վստահեցնում եմ, որ այս ծրագրերը լինելու են շարունակական, և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», - շեշտել է Տ. Մարգարյանը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի կենտրոնական գրադարան, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: