25/10/2014 14:00
Հ. Նաղդալյան. Հանրահավաքում նորույթ չկար, բացառությամբ՝ Ծառուկյանի ելույթի
«Նախորդ և այս միտինգի մեջ սկզբունքային տարբերություն, որպես այդպիսին, չեմ տեսնում, բացառությամբ՝ ԲՀԿ ղեկավարի ելույթը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա նկատեց, որ իշխանությունները ևս գտնում են, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն այդ պարտավորությունն իշխանությունները նախընտրում են քայլ առ քայլ իրականացնել:
«Մենք գիտենք, որ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան` առաջին հերթին սոցիալական, կոռուպցիայի, արդարադատության և այլ համակարգերի հետ կապված: Մեր երկրում կա բավականին բողոքական կամ դժգոհ մասսա, և մեր ընդդիմադիր գործընկերների արդարացի իրավունքն է աշխատել այդ զանգվածի հետ, բարձրացնել նրանց ձայնը: Բայց դրա հետ մեկտեղ՝ համարում եմ նաև, որ իշխանություններն ունեն իրենց պարտավորությունը և պետք է քայլ առ քայլ լուծում տան այդ խնդիրներին»,-ասաց Հ. Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից իշխանափոխության բառի գորածածմանը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այդ բառը մեզանում շատ տարածված է, որի նկատմամբ մի տեսակ կառչվածություն է նկատվում:
«Իշխանափոխություն բառի մեջ ես որևէ բան չեմ տեսնում և ընդդիմադիր ուժերի խնդիրը քննադատելն ու գործելն է՝ բողոքական զանգվածի հետ: Այս ամենը ժողովրդավարական պետության մեջ սահմանված է, որի համար կան օրենքներ, ժողովրդական կարգեր»,- ասաց Հ. Նաղդալյանը՝ ընդգծելով, որ այս պահին իշխանափոխության միտում չի տեսնում:
Եվ, այնուամենայնիվ, թեև պատգամավորը նման վտանգ չի տեսնում, սակայն նկատեց, որ հանրահավաքը բազմամարդ էր: «Հանրահավաքին մասնակիցների թիվը բավականին շատ էր, սակայն շատ է ինչի՞ հետ համեմատ: Կարծում եմ, որ համարժեք է այն սոցիալական և այլ խնդիրներին, որոնք կան մեր երկրում, նույնիսկ ավելին` խնդիրները, դժգոհ, վատ ապրող, ծանր պայմաններում գտնվող բնակչության թիվը շատ ավելի շատ է, սակայն դրանով նույնպես այս պահին որևէ բան չի որոշվում»,-ասաց պատգամավորը՝ հավաստիացնելով, թե իշխանությունների անում են ամեն ինչ այդ դժգոհողների, վատ ապրողների խնդիրների թիվը պակասեցնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝ Մենք կողմ ենք խաղաղ անցման, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Ծառուկյան
Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան. Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրդ մի զենք եք
Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք