25/10/2014 15:10
Վաղը Սուրբ Խաչի Գյուտի տոնն է
Հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի Գյուտի տոնը: Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:
327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, խաչերից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպիսով տերունական խաչը ճանաչվում է: Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սուրբ Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:
Խաչվերացի յոթերորդ կիրակին Սուրբ Խաչի Գյուտի տոնն է: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և ասում «Հրաշակերտ և զօրեղ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»: