25/10/2014 16:33
Չեմպիոնի տիտղոսից դեռ բավական հեռու եմ. Հռիփսիմե Խուրշուդյան
Այս օրերին ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում են աշխարհի առաջնությանը նախորդող ուսումնամարզական վերջին հավաքին: Life.panorama.am-ը կապ է հաստատել ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպես են անցնում մարզումները, արդյոք նա չեմպիոն դառնալու նպատակ է հետապնդում:
«Ղազախստան եկել ենք հոկտեմբերի 20-ին, կվերադառնանք ուղիղ մեկ ամսից՝ նոյեմբերի 20-ին: Մարզումներն անցնում են նորմալ: Քանի որ ստել չեմ սիրում, անկեղծորեն կասեմ, որ չեմպիոնի տիտղոսից դեռ բավական հեռու եմ: Եթե անձնական քաշս լիներ 95-ից 100 կիլոգրամ, կպայքարեի աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց: Եվ հետո, բալիկիս ծնվելուց հետո դեռ մեկ տարի էլ չկա, որ վերադարձել եմ մեծ սպորտ: Այնպես որ, սուտ կլինի, եթե ասեմ, որ մեդալի համար կպայքարեմ: Իմ միակ նպատակը մեր թիմին օլիմպիական վարկանիշային միավորներ ապահովելն է»,- խոստովանել է մարզուհին:
Ի դեպ որդուն՝ 1 տարեկան 3 ամսական Աշոտին, Հռիփսիմեն վստահել է տատիկին: Թեև կարոտը անխուսափելի է, բայց այդ հարցը քիչ թե շատ փորձում են լուծել ժամանակակից տեխնոլոգիաներից մեկի՝ սկայպի միջոցով. «Փոքրիկս իր Օլյա տատիկի մոտ է, 6 ամսականից թողնում եմ, ու խելոք մնում է: Նույնիսկ միասին են քնում ու արթնանում: Ճիշտ է, կարոտն անխուսափելի է, բայց երբ տանն եմ լինում, հիմնականում միասին ենք լինում, միմյանցից կարոտներս առնում ենք»:
Մարզումների Հռիփսիմե Խուրշուդյանը մեկնել է միայնակ, քանի որ ամուսինը նույնպես զբաղված է և ունի իր աշխատանքը: Երիտասարդ ամուսինները դեռևս չեն մտածում երկրորդ երեխայի մասին՝ համարելով, որ դեռ շուտ է: