25/10/2014 14:48
Նոյեմբերի 2-ին Օպերայում կկայանա «Interdance» պարային համույթի մենահամերգը
Նոյեմբերի 2-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Interdance» պարային համույթի 5-ամյակի մենահամերգը:
Համույթի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք երկար ճանապարհ են անցել այս բեմին հասնելու համար:
«Մեր համույթը իր գործունեության 5 տարիների ընթացքում 5 մենահամերգ է ունեցել և ամեն անգամ տարբեր բեմերում:
Այս մենահամերգը ասես մեր 5 տարիների գործունեության ամփոփումը լինի և այդ օրը մեզ հետ կլինեն մարդիկ, ովքեր մասնակցել են նախորդ մենահամերգներին ու կպատմեն իրենց հիշողությունները»,-ասաց նա:
Ա. Քալաշյանը նշեց, որ համերգի ամբողջ ծրագիրը իրենից անակնկալ է ներկայացնում՝ ինչպես և եղել է նախորդ համերգների ժամանակ:
«Այս մենահամերգը բաղկացած է մոտ 23 համարից, որից 15 համարը նոր են, փորձում ենք, որ համերգն մեր համույթի անվանը և գաղափարին միշտ համապատասխան լինի, այսինքն, որ տարբերվող լինի և մեկ համերգի մասնակցելով՝ հանդիսատեսի մոտ տպավորություն լինի, որ ինքը միանգամից 4-5 համերգի է մասնակցել»,-ասաց նա:
Համերգի ծրագրում են մոդեռն ջազ, մոռդեն բալետից մինչև հայկական և ժողովրդական պարեր:
Ա . Քալաշյանի խոսքով՝ այս 5 տարիների ընթացքում իրենց հետ եղել են մարդիկ, ովքեր այժմ էլ պարում են անսամբլում, սակայն 2 տարին մեկ անգամ համույթի կազմը կիսով չափ փոխվում է:
«Ես դա նորմալ եմ համարում: Նշեմ, որ մեզ մոտ պարողների պրոֆեսիոնալիզմից բացի կարևորվում են նրանց թիմում աշխատելու և անձնական հատկանիշները: Այսինքն, եթե մարդը հրաշալի պարում է, սակայն չի կարողանում թիմում աշխատել, մենք հրաժարվում ենք նրա հետ համագործակցությունից»,-ասաց նա:
Այժմ համույթի կազմում ընդգրկված են 40 պրոֆեսիոնալ պարողներ, որոնք ամեն համերգին փորձում են նորովի ներկայանալ հանդիսատեսին:
«Եթե եղել եք մեր նախորդ մենահամերգին, դա բացարձակապես չի նշանակում, որ չենք կարողանա Ձեզ զարմացնել»,-ասաց նա: