25/10/2014 13:31
Իվան Վոլինկին. Ոչ ոք ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ճիշտ ստրատեգիական որոշում էր և դա ամենևին էլ չի նշանակում, թե այդպիսով փակվում են համագործակցության դռները այլ երկրների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն էլ ունի հարաբերություններ ԵՄ հետ, այնպես որ՝ շատ նորմալ է, որ պետությունն ունի և զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ. «Կարևորն այն է, որ դա չլինի ի վնաս»:
Անդրադառբալով նախօրեին կայացած ընդդիմության հանրահավաքին և իշխանափոխության գաղափարին և այն մտայնությանը, թե այս բոլոր գործընթացները կարող են հանգեցնել ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման, Իվան Վոլինկինը նկատել է, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները հակառակը` հանդես են գալիս ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի օգտին. «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից»:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ընդգծված պրոռուսական ելույթին, դեսպանը ասել է, որ չի ցանկանում այդ մասին խոսել՝ միևնույն ժամանակ նկատելով, թե ՀԱԿ առաջնորդի ելույթի զգալի մասը ևս նվիրված էր ԵՏՄ-ին: