25/10/2014 12:04
19-ամյա երիտասարդը դատապարտվել է անչափահաս ազգականի հետ սեռական կապի համար
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 19-ամյա Կարեն Ազատյանը (անունը փոխված է) դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ազգականի անչափահաս աղջկա հեռ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Կ. Ազատյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հունիսի ամսվա սկզբին, գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում գտնվել է Կոտայքի մարզի անչափահաս բնակչուհի, իր ազգական, 16 տարին չլրացած Մարգարիտա Գրիգորյանի (անունը փոխված է) տան հարակից այգում, որտեղ վերջինիս կամքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դրանից 4-5 օր անց, կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում Կ. Ազատյանը զանգահարել է Մ. Գրիգորյանին, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ ինքը և անչափահաս աղջիկը՝ վերջինիս կամքով ունեցել են սեռական հարաբերություն:
Այնուհետև, ղրանից 10 օր անց Կ. Ազատյանը կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում զանգահարել Է Մ. Գրիգորյանին, խնդրել Է իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ և իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս Մ. Գրիգորյանի կամքով սեռական հարաբերություն Է ունեցել վերջինիս հետ:
ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (երեք դրվագով) առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ու Մարգարիտա Գրիգորյանը հանդիսանում են ազգականներ, սակայն նրա հետ ծանոթացել է 2013թ. մայիսին իր ազգականի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ: Խնջույքի ժամանակ Մարգարիտայից վերցրել է նրա հեռախոսահամարը և սկսել են շփվել հեռախոսազանգերի միջոցով:
Գնալով իրենց հարաբերությունները խորացել են և ինքը նրա հետ սկսել է շփվել ամուսնության նպատակով, հանդիպել են ցերեկային ժամերին: Մեկ անգամ հանդիպել են ազգականի տանը, մեկ անգամ էլ կեսօրին ավտոմեքենայով նրան ուղեկցել է տուն, սակայն նրա հետ ոչ մի անգամ սեռական հարաբերություն չի ունեցել: Մարգարիտայի կողմից նկարագրված վայրը շատ մարդաշատ է, այդ իսկ պատճառով եթե ինքը ցանկություն ունենար նրա հետ սեռական հարաբերություն ունենար, ապա այլ վայր կընտրեր:
ՀՀ Զինված ուժեր զորակոչվելու օրվա առթիվ կազմակերպված խնջույքի օրը` 2013թ. հունիսի 19-ին, կեսօրին և ժամը 23:00-ի սահմաններում է զանգահարել Մարգարիտային, որպեսզի հրաժեշտ տա նրան: Միայն մի պահ տանից դուրս է եկել և զանգահարել է Մարգարիտային, սակայն իրենց խոսակցությունը կարճ է տևել, քանի որ իրեն տուն են հրավիրել և ինքը անջատելով հեռախոսը ներս է մտել:
Զինծառայության մեջ գտնվելու ժամանակ իրեն է զանգահարել մայրը և հայտնել իր և Մարգարիտայի միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների վերաբերյալ գյուղում պտտվող լուրերի մասին, սակայն մորը հայտնել է, որ իր և Մարգարիտայի միջև սեռական հարաբերություն տեղի չի ունեցել և մեկ ուրիշի փոխարեն ինքը պատասխան չի տալու:
Սկզբնական շրջանում իր և Մարգարիտայի միջև հարաբերությունները եղել են նորմալ, շփվել են ամուսնության նպատակով, սակայն մի անգամ Մարգարիտային զանգահարել է այլ հեռախոսահամարով և Մարգարիտան այլ անուն է տվել, որից հետո եզրակացրել է, որ վերջինս իրեն խաբում է և մեկ ուրիշի հետ է շփվում: Նշված զանգից հետո այլևս Մարգարիտայի հետ չի հանդիպել, չի զանգահարել, վերջին անգամ զանգահարել է բանակի խնջույքի օրը` հրաժեշտ տալու համար: Հետաքրքրվել է Մարգարիտայի վարքագծով և ընկերներն ասել են, որ պետք չէ լուրջ հարաբերություններ ունենալ նրա հետ, չնայած այն բանի, որ դպրոցում նրա վարքագծի հետ կապված որևէ վատ բան չեն նկատել:
Իր և Մարգարիտայի հարաբերությունները թշնամական չեն եղել, իսկ թե ինչու է նա ասում, որ իր հետ սեռական հարբերություն է ունեցել, չի կարող ասել, երևի մտածել է, որ գտնվում է ծառայության մեջ, չի կարող ճշտել, թե իրականում ինչ է եղել, և կարող է նման լուրեր տարածելու միջոցով ամուսնանալ իր հետ:
Ընդունում է, որ զանգահարել և շփվել է Մարգարիտայի հետ, սակայն նրա հետ սեռական հարաբերություններ չի ունեցել:
Արտաքին տեսքից հասկացել է, որ Մարգարիտան անչափահաս է, սակայն նրա տարիքը չի հարցրել, քանի որ նա դպրոցական է եղել, ենթադրել է, որ նա 16-17 տարեկան է:
Անչափահաս տուժող Մարգարիտան ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. մայիս ամսին իր ազգականի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ ծանոթացել է ամբաստանյալի հետ: Խնջույքի ժամանակ ամբաստանյալը խնդրել է իր բջջային հեռախոսահամարը` հետագայում շփվելու համար: Սկզբնական շրջանում իրենք շփվել են որպես քույր և եղբայր, սակայն հետագայում նա խոստովանել է, որ սիրում է իրեն:
Ինքը ամբաստանյալին ասել է, որ իրենց կապն անհնարին է, քանի որ իրենք ազգականներ են, սակայն Կ. Ազատյանն ասել է, որ սիրում է իրեն և իրենք սկսել են շփվել հեռախոսազանգերի միջոցով: 2013թ. հունիսին, կոնկրետ օրը չի հիշում, երեկոյան ժամը 23.00-ի սահմաններում ամբաստանյալը զանգահարել է իրեն և ասել, որ գտնվում է իրենց տան մոտ և խնդրել է հանդիպել իրենց տանից քիչ հեռու գտնվող այգում` նշելով որ որպես եղբայր ցանկանում է տեսնել:
Սկզբում մերժել է, սակայն հետո ընտանիքի անդամներից գաղտնի, հագնվել և իջել է իրենց տան հարևանությամբ գտնվող այգի, որտեղ էլ հանդիպել է ամբաստանյալի հետ: Հանդիպման ժամանակ Կ. Ազատյանը իրեն համոզելով, այնուհետև ստիպողաբար սեռական հարաբերություն է ունեցել:
Ինքը եղել է վախեցած վիճակում, գնացել է տուն, լոգանք է ընդունել և պառկել է քնելու: Հաջորդ օրը լվացել է տաբատը, իսկ ներքնաշորերը այրել է: Դրանից հետո հանդիպել են ևս մի քանի անգամ և սեռական հարաբերություն ունեցել:
Մարգարիտան ասել է, որ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել Կ. Ազատյանի հետ, մինչ այդ որևէ մեկի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, իսկ Կ. Ազատյանի հետ սեռական հարաբերություն ունենալու ժամանակ կույս է եղել: