25/10/2014 15:35
Յուրի Իգիթխանյան. Դերասանը պետք է անընդհատ աշխատի, այլապես «կժանգոտի»
Ընտանիքը յուրաքանչյուր մարդու ամենամեծ ձեռքբերումն է, և կյանքում բոլոր որոշումներն ու նպատակները լինում են միայն ի նպաստ ընտանիքի: Դերասան Յուրի Իգիթխանյանը, հավանաբար, առաջնորդվելով հենց այս կարգախոսով, որոշեց համատեղել գործունեությունը օգտակարության և արդյունավետության հետ: Life.panorama.am-ի զրույցում նա անկեղծացավ գործնական և ընտանեկան հարցերի շուրջ:
-Արդեն մոտ տարի ու կես է, դուք հեռացել եք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնից: Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Այժմ զբաղվում եմ անձնական «Փրոդաքշնի» կազմակերպմամբ: Համագործակցում եմ նաև «VivArte» մշակութային կենտրոնի հետ, հանդիսատեսին հանձնեցինք «Վեց ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը: Մոնո ներկայացում պատրաստեցինք Վահե Շահվերդյանի հետ: Այն ներկայացվեց «Արմմոնո» փառատոնի շրջանակներում, երեկ խաղացի Վանաձորում՝ «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում: Զբաղվածությունս շատ-շատ է:
-Հարաբերությունները թատրոնի կազմի հետ ինչպե՞ս են:
-Շատ բարյացակամ միմյանցից բաժանվեցինք: Շատ լավ ընկերներ ենք, շատ լավ հարաբերություններ կան թե՛ ղեկավարության, թե՛ մնացյալ աշխատակազմի հետ:
-Այդ դեպքում ինչո՞ւ հեռացաք:
-Ուղղակի ես հասկացա, որ խաղացանկային թատրոնի աշխատանքային ռեժիմը խանգարում է ինձ իմ մնացած գործերում՝ կողմնակի աշխատանքի մեջ: Քանի որ ինքս պրոդյուսերական մտածելակերպով դերասան եմ, ամեն ինչ մի քայլ առաջ էի մտածում: Այն գործունեությունը, որը ծավալում էի թատրոնից դուրս, ժամանակի առումով չէր համատեղվում: Պետք էր ընտրել կամ բարեկեցիկ կյանք՝ լքելով թատրոնն ու իմ անձնական, ստեղծագործական բիզնեսով զբաղվելով, կամ մնալ իմ շատ սիրելի ու հարազատ թատրոնում՝ պետական աշխատավարձով: Իհարկե, ես ընտրեցի առաջին տարբերակը:
-Դժվար չէ՞ր բաժանումը:
-Իհարկե, ծանր բաժանում էր: Ամեն դեպքում ես փոխեցի կյանքի էտապ, մի շրջան, որին նվիրել էի մոտավորապես 9 տարի: Շատ շնորհակալ եմ իմ թատրոնին, ղեկավարությանը՝ իմ անցած ուղղու և իմ դերերի համար:
-Ֆիլմերից առաջարկներ այժմ չունե՞ք:
-Այժմ ցեղասպանությանը նվիրված ֆիլմ է նկարահանվում: Դեռևս «հում» վիճակում է գտնվում: Ես հետաքրքիր կերպար եմ ներկայացնելու, խաղալու եմ հետաքրքիր ու լավ դերասանների հետ…Ավելին ասել չեմ կարող:
-Ձեր «փրոդաքշնը» ի՞նչ անուն ունի, ի՞նչ միջոցառումներ է կազմակերպում:
-Գիտեք, այն դեռ կազմավորման, մշակման փուլում է գտնվում, անուն դեռևս չունի: Լիարժեք դեռ չի գործում: Երբ իրավաբանորեն աշխատանքի լիցենզիա, իրավունք կունենանք, բնականաբար նաև անունը կորոշենք: Զբաղվելու ենք տարբեր նկարահանումներով, այդ թվում նաև, եթե առաջարկ լինի՝ ֆիլմի, գովազդային ֆիլմերի: Արդեն նման փորձ ունենք. Վերջին ամիսներին համագործակցեցինք «Արմավիա» ավիաընկերության հետ, ստացվեց շատ գեղեցիկ 1 ժամանոց գովազդային ֆիլմ: Կոչվում է «Իմ անունն է Արմավիա»: Ճիշտ է, սա ուղղակի փորձ էր ինձ համար, դա նրանց «ապրանքն» էր, պարզապես ես էի կազմակերպում աշխատանքները, ռեժիսորն էր Լիլիթ Մովսիսյանը… Շատ գեղեցիկ բան ստացվեց: Այնպես որ, մեր ընկերության ուղղությունը փորձում ենք զարգացնել երկու ճյուղով. Մեկ ճյուղն այն է, ինչն այսօր մեր քաղաքում տարածված ու ժամանակակից է՝ ծնունդ, հարսանիք, կնունք, անձնական միջոցառումներ: Բայց այդ ամենին փորձելու են կրեատիվ մոտեցում ցուցաբերել, թեմատիկ միջոցառումներ կազմակերպել: Երկրորդ ճյուղը մեր սիրելի կինոն է, տեսահոլովակները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: