29/10/2014 18:17
Սեյրան Օհանյանն ընդունել է Արթուր Աբրահամին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Այս մասին տեղեկանում ենք Ա. Աբրահամի մամուլի պատասխանատու Սիրան Գրիգորյանի Facebook-յան էջից:
«Շնորհավորելով վերջին հաղթանակի կապակցությամբ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Արթուր Աբրահամի` սպորտում ունեցած ակնառու նվաճումները և նշանակալի ավանդը:
Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին` շնորհավորանքի և քաջալերանքի համար:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգևատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով»,-ասված է գրառման մեջ: