29/10/2014 14:00
«Վարչապետի խնամին կարո՞ղ է հրաժարական պահանջել իշխանություններից»
Կառավարությունը միշտ էլ պատրաստ է քաղաքական ուժերի հետ բանակցել ու համագործակցել: Այս պահին էլ աշխատում ենք ԱԺ-ում, ինչն արդեն իսկ ակնհայտ է: Դրա մասին միշտ խոսել ենք, սակայն այլ խնդիր է` ոչ իշխանական ուժերը համագործակցությունն ինչպես են պատկերացնում ու ընկալում: Այդ բանակցությունները իրենցից ենթադրում են երկկողմանի աշխատանք: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության՝ երկխոսության կոչերին, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերո ւմ է իշխանափոխությանը և արտահերթ ընտրություններին, նա ընդգծեց, որ բոլորը հոգնել են հին երգերը լսելուց:
«Եթե պետք է հին երգը լսենք, համագործակցության մասին խոսելն ավելորդ է: Իսկ օրենքների, նոր ծրագրերի, այն բարեփոխումների մասին, որ մենք փորձում ենք իրականացնել, լսել նրանց բացասական ու դրական կարծիքները, իհարկե միշտ պատրաստ ենք համագործակցել»,-ասաց նա:
Գալով վերջին հանրահավաքին` Դ. Հարությունյանը նախ համոզմունք հայտնեց, թե Ազատության հրապարակում չէր հավաքվել այնքան մարդ, որպեսզի կարողանային իշխանափոխություն իրականացնել, իսկ հետո հավելեց. «Իհարկե, գնահատականները կարող են տարբերվել, սակայն չեմ կարծում, որ Ազատության հրապարակում հավաքվելը կարող էր բանակցային սեղանի շուրջ հավաքել բոլորին»:
Հարցին` դուք պատրա՞ստ եք իշխանափոխության, Դ. Հարությունյանը պատասխանեց, որ ոչ: «Ինչ ճնշման մասին է խոսքը: Ես չեմ գտնում, որ այս պահին իշխանափոխության հավանականությունը մեծ է»,- ասաց նա, որին ի պատասխան լրագրողը հակադարձեց, որ խոսքը գնում է ժողովրդի ճնշման, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ելույթին: «Ես դեռևս չեմ տեսել, որ որևէ քաղաքական գործիչ, որևէ քաղաքական գործչի կողմից կազմակերպած հանրահավաքի կամ նրա երլույթի արդյունքում որոշի հրաժարական տալ»,- պատասխանեց նա:
Հարցին, թե Կառավարության ղեկավարի խնամին հրաժարականի պահանջ կարո՞ղ է ներկայացնել իշխանություններին և վարչապետին, Դ. Հարությունյանը հորդորեց այդ հարցը տալ հասցեատերերին, իսկ հետո ընդգծեց. «Դա դուք պետք է տրամաբանեք: Ես համարում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն կամ արտահերթ ընտրություններ որևէ մեկը, որևէ մեկին պարտադրել չի կարող»:
Նախորդող հրապարակում՝ Հարությունյան. ԵՏՄ անդամակցումից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխությունից