29/10/2014 11:18
Պետդեպ. Պետք է արագացնել ղարաբաղյան կարգավորման բանակցությունները
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ակնկալում է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ինտենսիֆիկացիա:
Ria.ru-ի փոխանցմամբ, Փսակին կոչ է արել բոլոր կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանի բնակչությանը:
Նա չի ցանկացել մեկնաբանել ԼՂՀ-ում Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ սկսված դատավարությունը: Փսակին նշել է, որ այդ կոնկրետ դեպքի հետ կապված իրենք չունեն անհրաժեշտ քանակությամբ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ օրերս Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը: Գործը քննում է դատավոր Անատոլի Թադևոսյանը: