29/10/2014 17:28
ՀԱԿ-ի ու «Ժառանգության» վտանգված ներկայությունը
Եռյակում հետաքրքիր զարգացումներ են արձանագրվում: ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում կենտրոնանալ մեկ օրակարգի շուրջ և երբեմն իրար հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Այդպես, մինչ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պահանջում են ամբողջական իշխանափոխություն ու արմատական համակարգային փոփոխություններ, ԲՀԿ-ականները ակնարկում են ընդամենը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
Մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նախօրեին հայտարարել է, որ «եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»: Այս հայտարարությունը այնքանով է կարևոր, ու հենց սրա հիման վրա է պետք կառուցել քաղաքագիտական վերլուծությունները, որ հենց ԲՀԿ-ն է այն լոկոմոտիվը, որ իր հետևից տանում է մյուս երեք ուժերին:
Բոլորի համար էլ ակնհայտ է, և ԲՀԿ-ն դա չի էլ թաքցնում, որ «համաժողովրդական շարժման մեկնարկն» ազդարարելով` նրանց գլխավոր նշանակետը 2018-ի նախագահական ընտրություններն են, այսինքն` այս պահին իշխանափոխությունը՝ որպես այդպիսին, նրանց չի հետաքրքրում:
Առավելագույնը, ինչին ԲՀԿ-ն պատրաստ է, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց սրան էլ պատրաստ են վերապահումով, այն է` իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները: Պահանջներն էլ հետևյալն են` հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 պահանջները, հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և այլն:
Այստեղ, թերևս, հարկ է հիշեցնել նույն «Ժառանգությանը», որ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է նաև արտահերթ նախագահական ընտրություններ, բայց առավել քան ակնհայտ է, որ ուժերից գոնե երկուսը դրա մասին չեն ակնարկում ու չեն դիտարկում:
Այսպիսով, եռյակը փորձում է ժամանակ շահել՝ սեփական ուժերը մոբիլիզացնելու և մասնակցելու 2017 թ-ի հերթական խորհրդարանական ընտրություններին, քանի որ նույն ՀԱԿ-ը պետք է որ քաջ գիտակցի, որ 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դեռ թարմ էին մարտիմեկյան իրադարձությունների մասին հիշողությունները, նա ընդամենը հինգ մանդատի արժանացավ խորհրդարանում:
Իսկ եթե այսօր լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա շատ հնարավոր է, որ այդ հինգից էլ զրկվեն: Ի վերջո, ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը դա միայն Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը չեն, այլև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են, ովքեր հայտնի պատճառներով որևէ կապ չեն պահում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Իսկ սա էլ նշանակում է, որ եթե ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխություն չի պահանջում այլ դրդապատճառներով, նաև այն, որ ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք, ապա ՀԱԿ-ը չի պահանջում դա, քանի որ դրա իրագործումը լրջագույն ռիսկեր է պարունակում իր ապագայի համար:
Նույնը կարելի է ասել «Ժառանգության» համար, քանի որ արտահերթ ընտրությունները մեծապես կվտանգեն նրանց ներկայությունը խորհրդարանում, ընդ որում՝ չմոռանանք, որ ԱԺ-ում կուսակցությունը ներկայացված է Ռուբիկ Հակոբյան-Զարուհի Փոստանջյան դուետով, ինչպես նաև՝ անկուսակցական Թևան Պողոսյանով:
Ակնհայտ է, որ «Հիմա-հիմա» կարգախոսները ժամանակավրեպ են, հասցեագրված բացառապես Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ առավելագույնը, ինչի կարող են համաձայնել երեք ուժերը, այն էլ ավելի շատ թասիբից դրդված, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: