29/10/2014 09:38
Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը նախատեսված է 2015 թվականի աշնանը
Երևանի ավագանու այսօր կայանալիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը: Արձանը նախատեսվում է տեղադրել Երևան-Նալբանդյան-Արամի-Բյուզանդ-Հանրապետություն փողոցների պարփակված հատվածում յոթ նախարարությունների շենքի հարակից այգում (Վերնիսաժի և Պատկերասրահի արանքում ընկած հատվածն է), որը քաղաքապետարանը օրեր առաջ կապիտալ վերանորոգել է: Մրցույթային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափսից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015 թվականի աշնանը: