29/10/2014 15:10
«Հայ ռեժիսորները հիմնականում դոփում են տեղում»
«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրն իրականացվել է 10 քաղաքում ու գյուղում և կփակվի դեկտեմբերին Թբիլիսիում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, նախագահ Հարություն Խաչատրյանը ասաց, որ ծրագիրը փորձնական է իրականացվել, և 2 կողմն էլ գոհ է արդյունքներից:
Ծրագիրն իրականացվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ, եղել են փակ և բաց ցուցադրություններ, և թեև վրացական կողմը սկզբում որոշակի խանդով է մոտեցել ծրագրին, սակայն որոշել են համագործակցել, երբ հասկացել են, որ նպատակը զուտ կինոն է:
Ս. Հարությունյանը նշեց, որ ընտրված են հիմնականում վերջին 2 տարիներին «Ոսկե ծիրանում» և Թբիլիսիի փառատոնում ցուցադրված ֆիլմերը:
Ծրագրի պատասխանատուներից Րաֆֆի Մովսիսյանը ասաց, որ հայ-վրացական փառատոնին ներկայացվել է 6 ֆիլմ, և հայերեն ֆիլմերը՝ վրացերեն, իսկ վրացական ֆիլմերը՝ հայերեն ենթագրեր են ունեցել:
Ծրագրի մասնակից, կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի խոսքով՝ ներկայացված ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը եղել է երկկողմանի:
Ծրագրի մասնակիցներից ռեժիսոր Լուսինե Սարգսյանը ասաց, որ այժմ կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները չունեն անգամ տեխնիկական հնարավորություններ:
Հ. Խաչատրյանն էլ նշեց, որ ի տարբերություն վրացի գործընկերների, որոնք ակտիվորեն համագործակցում են եվրոպական ֆոնդերի հետ, իսկ հայերը հիմնականում դոփում են տեղում, չեն ձգտում սովորել լեզուներ, գտնել ֆոնդեր, ինչի պատճառը նաև համակարգային է, քանի որ անգամ «Կինոյի մասին» օրենք չունենք: