29/10/2014 20:38
Որևէ երաշխիք չկա, որ «հուժկու ալիքի» վերջն աղոթքը չի լինելու
Ընդդիմության` հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո կազմակերպիչներն ասում էին, որ դա «խոսքի» հանրահավաք էր, իսկ երկրորդը լինելու է «գործի» հանրահավաք, կամ, թե կուզեք, «խոսքը գործ դարձնելու» հանրահավաք, ինչը ոչ իշխանական եռյակի անդամներից գոնե մեկի մոտ շատ լավ է ստացվում:
Սակայն այս հանրահավաքի ժամանակ էլ բազմաթիվ` արդեն անգիր արած խոսքեր լսեցինք, իսկ գործն այդպես էլ չտեսանք, կամ էլ` խոսքը գործ չդարձավ: Փոխարենը ականատես եղանք գործիչների խոսքերի միջև հակասության: Նախ, նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը համեմատականներ անցկացրեց իշխանության և ընդդիմության միջև և հայտարարեց, որ ի տարբերություն իշխանության, ընդդիմության գործունեությունը բաց է և թափանցիկ: Ապա հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ թափանցիկ գործունեությունը քաղաքական առումով վտանգավոր է, և, ըստ այդմ, գործողությունների ծրագիրը հանրությունից գաղտնի է պահվելու:
Եվս մեկ հակասություն ընդդիմության հայտարարությունների միջև. մինչ հանրահավաքները կկայանային, ընդդիմադիրներն ասում էին, որ ժողովուրդը կգա հրապարակ, և ինչ կպահանջի, այն էլ իրենք կանեն: Հետո «հիմա» բացականչողներին լռեցրին, իսկ վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդը «բաց քվեարկություն» անցկացրեց և որոշեց, որ ընդդիմության առաջնորդներն իրենք կորոշեն, թե ժողովուրդն ինչ անի: Եվ քանի որ ընդդիմության առաջնորդները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իրենք «մայդան» չեն ուզում (միամտություն կլինի կարծել, թե Մայդանը «մայդան» էր ուզում), նշանակում է`ժողովրդի անելիք գործը միայն գոռալն է: Հետևաբար, ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար երկրի ողջ տարածքում միասնական շտաբների ձևավորման նպատակն էլ, ըստ ամենայնի, գոռացողների բանակ հավաքելն է:
Չի կարելի նաև չնկատել այս պայքարի նմանությունը նախորդ տարվա` Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած պայքարի հետ: Հովհաննիսյանն էլ սկզբում հայտարարում էր, թե պայքարողը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, ինքն էլ գործիք է ժողովրդի ձեռքին: Հետո որոշում կայացնելու «ծանր բեռը» Հովհաննիսյանը վերցրեց իր ուսերին: Հետո էլ կա՛մ նա ուղղակի չգիտեր իր հետագա քայլերը, կա՛մ էլ, ինչպես ինքն էր ասում, իր անելիքները գաղտնի էր պահում և հանրահավաքից հանրահավաք ժողովրդին անակնկալներ էր խոստանում: Վերջում էլ, թե Հովհաննիսյանն ինչ «անակնկալ» մատուցեց իր հետևորդներին, ոչ ոք չի մոռացել: Եթե համարենք, որ Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքին մայրաքաղաքի բնակիչների մի մասն ուղղակի պարապությունից էր մասնակցում, ապա Գյումրուց երկու օրվա ճամփա կտրած` ոտքով եկած մարդիկ հաստատ լուրջ նպատակով էին եկել: Եվ այդ նպատակը ո՛չ թեյ խմելն էր, ո՛չ էլ աղոթելն էր:
Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չընդունեց, որ խաբել է ժողովրդին: Իր կարծիքով, նա նրանց փրկել է` զոհերից և արյունից: Եթե մարդիկ Հովհաննիսյանի բոցաշունչ, ինքնամոռաց և ինքնազոհաբերման պատրաստ ելույթներից չոգևորվեին, նրա հորդորները լսելով՝ հրապարակ չգնային, ի՞նչ փրկության մասին կարող էր խոսք լինել:
Այս ամենից ելնելով` հասարակության մեջ արդարացի հարց է ծագում. ո՞րն է երաշխիքը, որ այս «հուժկու համաժողովրդական շարժումն» էլ չի ավարտվի Ծիծեռնակաբերդում` իշխանությունների համար աղոթքով, մանավանդ, երբ հայտնի աղոթողն էլ այնտեղ է, իրենց կողքին է, և դրանով իսկ հարթակում կանգնածները շատ հպարտ են: