29/10/2014 12:23
Թովմասյանն` արդարադատության նախարարության օրինակով. Դե հորանց տունն է
Պատգամավորը քաղաքական գործիչ է, քաղաքական որոշում է կայացնում: Ժամանակն է, որ անդրադառնաք օրենսդիր ու գործադիր մարմինների ռեսուրսների անհամաչափ բախշմանը: Այս մասին ԱԺ-ում ընթացող պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընդունվում են կառավարության ներկայացրած նախագծերի 95 տոկոսը, իսկ ԱԺ-ի մշակած նախագծերից հավանության է արժանանում միայն 5 տոկոսը, քանի որ խորհրդարանի իրավաբանական վարչության անդամների թիվը, մասնագիտական պատրաստվածությունը ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին:
«Ճիշտ չէ այն մոտեցումը, թե պատգամավորը ինքը պետք է օրենքներ գրի, քանի որ պատգամավորը առաջին հերթին քաղաքական գործիչ է»,- բացատրեց Է. Մարուքյանը:
Ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն օրինակ բերեց այլ երկրների փորձը, բայց ավելի շատ կենտրոնացավ Գերմանիրայի արդարադատության նախարարության վրա, որտեղ, նրա խոսքով, 700 մարդ է իրավաբանական վարչությունում աշխատում:
«Հասկանալի է, պատգամավորի մեկ օգնականն ի զորու չէ ամբողջ սպեկտրով խորհրդատվություն տալ»,- ասաց նա` ավելի շատ հիմնվելով Արդարադատության նախարարության փորձի վրա:
«Օգնականներ պատրաստելու հետ խնդիր կա, բայց արդեն ձեռք է բերվել համաձայնություն՝ միջազգային կառույցների հետ, որ նրանց համար կկազմակերպվեն սեմինարներ, կտպագրվեն ձեռնարկներ»,- ասաց Հ. Թովմասյանը:
Է. Մարուքյանը, սակայն, արձագանքեց կարճ.
«Պարոն Թովմասյան, դուք արդեն մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պետք է պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող իրենց շահերը պաշտպանի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա:
Հ. Թովմասյանն էլ կեսկատակ ասաց. «Դե հորանց տունն է»: