29/10/2014 17:15
Դեսպան. Երևան-Սիմֆերոպոլ չվերթի համար ոչ մեկը թույլտվություն չի տվել
Ըստ Ուկրաինայի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի` ցանկացած չվերթ, որն իրականացվում է Ուկրաինայի և Հայաստանի միջև, պետք է համաձայնեցված լինի երկու կողմից էլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե, հնարավոր է, շուտով Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթ գործի:
«Ուկրաինայում հայկական դեսպանատունը արձագանքել է դրան և կարող է հստակ ասել, որ նման թույլտվություն որևէ մեկը չի տվել»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարզապես գնել է Ղրիմը, և Ուկրաինայի իշխանություններն անելու են ամեն բան այն վերադարձնելու համար:
Անդրադառնալով օրերս երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ Իվան Կուխտան նկատեց, որ դրանք ինչ-որ տեղ նույնպես Մայդանի արդյունքն էին:
«Ընտրություններին մասնակցեց քաղաքացիների 52 տոկոսը: Առաջինը ընտրություններին արձագանքեցին Եվրախորհուրդն ու ԵԽԽՎ-ն: Միջազգային դիտորդները դրանք ուշադրության կենտրոնում էին պահում»,- ասաց դեսպանն՝ ընդգծելով հատկապես այն, որ Ռուսաստանը ևս հայտարարել է՝ ամենայն հավանականությամբ կընդունի Ուկրաինայի ընտրությունները: