29/10/2014 18:02
Խորեն Լևոնյանի որդին աշխատասեր և տաղանդավոր է մեծանում. Լուսանկար
Դերասանուհի Լիկա Մեսրոպյան-Լևոնյանի և Խորեն Լևոնյանի ընտանիքը ընդամենը վերջերս համալրվեց: Սեպտեմբերի 5-ին ծնվեց նրանց որդին՝ Արամը: Life.Panorama.am-ը կապ հաստատեց նորաթուխ մայրիկի հետ՝ իմանալու, թե ինչպե՞ս է իրեն զգում և արդյոք «գործնական առօրյան» այլևս արձակուրդում է. «Տղաս այսօր դարձել է մեկ ամսեկան 20 օրեկան: Ես աշխատող մարդ եմ և երեխայի ծննդյան 40-րդ օրից մայր ու որդի աշխատանքի ենք գնում: Արդեն իսկ որդուս աշխատասեր եմ մեծացնում (ծիծաղում է): Ճիշտ է, աշխատանքային ժամերս կրճատել եմ, բայց ամբողջովին չեմ հրաժարվել: Օրվա մեջ մոտավորապես 3-4 ժամ եմ աշխատում, մնացած ժամանակը ընտանիքինս է»:
Դերասանուհին ֆիլմերում նկարահանվելու և էկրաններին երևալու մասին բոլորովին չի մտածում: Իր իսկ խոսքերով՝ պատրաստվում է ամբողջովին նվիրվել ընտանիքին, փոքրիկին և ոչ թե իր կարիերային. «Երեխան ամեն ինչ փոխեց իմ կյանքում: Բիզնեսը, բնականաբար, իմն է, և ես կարողանում եմ ժամանակս տնօրինել: Նկարահանումները շատ ժամանակ կխլեն ինձանից, իսկ ես ամեն վայրկյանն ափսոսում եմ, որ երեխայից հեռու լինեմ… Առայժմ չեմ կարողանում նրանից կտրվել, հետագայում՝ գուցե, չգիտեմ: Փոքրիկին անգամ դայակի մոտ չեմ կարողանում երկար թողնել, կարոտում եմ»:
Փոքրիկ Արամը, ով, ի դեպ, կրում է Խորեն Լևոնյանի հեռավոր բարեկամներից մեկի անունը, շատ է սիրում մայրիկի ու տատիկների, նաև բազմազբաղ, բայց իր համար ժամանակ գտնող պապիկների ընկերակցությունը: «Արամը շատ մարդամոտ երեխա է, հայրիկին տեսնելիս «ուշքը գնում» է: Ի դեպ, նրան շատ նման է… Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, ասեմ, որ Խորեն Աբրահամյան պապիկի հարազատներից մեկի անունն է կրում: Խորենն ասաց, որ ինքը երեխային կպատմի, թե ով է Արամը: Թեև շատ քիչ եմ ինֆորմացված այդ մարդու մասին, բայց գիտեմ, որ բավականին հետաքրքիր և ուժեղ անհատականություն է եղել: Լեգենդար մարդ, ով մեծ պատմություն է ունեցել: Դա էլ ինձ բավական էր, որ անմիջապես համաձայնեի անվան հետ»,- մեջբերեց Լիկա Մեսրոպյանը:
Մայրիկի պատմելով, փոքրիկն այնպիսի բաներ է անում, որ ըստ բոլորի՝ հնարավոր չէ: Տաղանդավոր ծնողների նորածին բալիկն ինքն էլ, կարծես, տաղանդավոր է. «Ասեմ, որ արդեն քայլում է… Մի զարմացեք, երկու օր առաջ լողացնելիս կանգնեց և երկու քայլ առաջ գնաց: Բավականին զարգացած երեխա է, ծնված օրվանից գլուխն ուղիղ պահում է»:
Life.Panorama.am-ը զրույցի վերջում նորաթուխ երջանիկ մայրիկից հետաքրքվեց, թե ինչո՞ւ այս ընթացքում փոքրիկի լուսանկարները չի հրապարակվել: Չէ՞ որ շատերը հաճախ դեռևս չծնված երեխաների նկարներն են տարածում սոցցանցերում: Սնահավատությո՞ւ է, թե՞…
«Սա սնահավատություն չէ, ուղղակի գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր հայտնի են ու շատ են երևում ամսագրերում, ֆիլմերում, նրանք շատ էներգիա են տալիս մարդկանց՝ կորցնելով իրենցը: Թող երեխան մի քիչ ոտքի կանգնի, քայլի, ամրանա, նոր իր էներգիան կկիսի մյուսների հետ»- անկեղծացավ Լիկա Մեսրոպյանը: