29/10/2014 17:02
ԲՀԿ պատգամավոր. Ձեր ասածներից հետո երևի պլաններս փոխեմ, տեղափոխվեմ ձեր մարզ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե Արագածոտնի մարզում, որպես տարածքային կառավարող, ի՞նչ լրացուցիչ լիազորություններ ունի մարզպետը:
«Ուզում եմ հասկանալ՝ կարողանում եք համակողմանի կառավարել համայնքը: Ուզում եմ իմանալ նաև վերջին 3-4 տարիների ընթացքում, ի՞նչ ծավալի ներդրումներ են իրականցվել: Դուք ունե՞ք մարզի ներդրումային քարտեզ, որպեսզի բարելավեք գործարար միջավայրը մարզում: Եվ, վեջապես, որքա՞ն մարդ է արտագաղթել ձեր մարզից և որքա՞ն է կազմում աղքատության և գործազրկության մակարդակը»,- հարցրեց ԲՀԿ պատգամավորը:
Ս. Սահակյանը նշեց, որ մարզպետի լիազորությունները սահմանված են ՀՀ նախագահի հրամանով և չկան հավելյալ լիազորություններ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա մարզպետը հայտարարեց, որ մարզպետարանը կարող է ներկայացնել բոլոր թվերն ու ծրագրերը, որի համար ժամանակ կպահանջվի:
«2011 թվականից ի վեր, ամեն տարի 37 մլդ դրամի ներդրումներ են կատարվել բյուջեով և տարբեր ծագրերով: Եթե հիշում եք, բնակչությունը խնդիր ուներ մթերումների հետ կապված: Խաղողն ավելի էժան էր մթերվում, բայց հիմա մեր մարզում կառուցվել է 3 գործարան, որտեղ մթերման խնդիր այլևս չկա»,- ասաց մարզպետը՝ հավաստիացնելով, թե մարզում խնդիրներ չեն ունեցել: Նա շարունակեց, որ բարեփոխումների համար մի շարք ծրագրեր են իրականցվել:
Ինչ վերաբերում է արտագաթին ու աղքատությանը ,այդպիսի լուրջ խնդիրներ մարզում ևս չկան: «Կան բավականին լուրջ ծրագրեր և մեր մարզում վերջին մի քանի տարիներին իրականցվում են: Գործազրկության ու արտագաղթի թվերը բավականին ցածր են: Եթե տեղյակ չեք, ապա ամենացածրը Արագածոտնի մարզում է»,- ասաց նա:
«Ձեր ասածներից հետո, պարոն մարզպետ, երևի պլաններս փոխեմ և տեղափոխվեմ ձեր մարզ»,- արձագանքեց պատգամավորը` ընդգծելով, թե Շիրակում և Լոռիում բարձր են: