29/10/2014 16:24
Նիկոլ Փաշինյան. Պաշտոնյաների «дедовщина» ևս գոյություն ունի
2015 բյուջեի քննարկմանն այսօր Խորհրդարան էին եկել գրեթե բոլոր մարզպետները, բացի՝ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Ներկա չէր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում փոխարինելու էր եկել փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նիստի ընթացքում նիստը վարող տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց ներկաներին հարցերը տալ բացառապես բյուջեի շրջանակներում, սակայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չընդունեց այս հորդորը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ դիմում է մշտական հանձնաժողովի անդամներին և, ներողություն խնդրելով, որ չի ընդունում հորդորը, պարզաբանում է պահանջում.
«Արդեն մի քանի տարի է քննարկում ենք բյուջեի հաշվետվությունները և 3 տարի է տեսնում եմ, որ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը ՀՀ պետբյուջեի մասին ժամանակացույցը, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը հրավիրված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բոլոր մարզպետները: Ինքս անձամբ 3 տարի մասնակցում եմ այս քննարկումներին և ոչ մի անգամ չեմ տեսել ոչ Տարոն Մարգարյանին, ոչ էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Չեմ հասկանում, պաշտոնյաների «дедовщина» ևս գոյություն ունի՞»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Փաշինյանն իր խոսքում հավելեց նաև, որ «կրուտոյ» պաշտոնյաները, փաստորեն չեն գալիս այսպիսի կարևոր միջոցառումներին` պատճառաբանելով, թե իրենք կարևոր գործեր ունեն: «Փաստորեն այսօր էլ պատմական դոկտորի կոչում ունեցողները չեն մասնակցում այս կարևորագույն միջոցառմանը: Ես միշտ հետաքրքրվել եմ, թե որո՞նք են նրանց կարևոր գործերը: Այսինքն` այստեղ քննարկվում է ոչ այնքան կարևոր գործ: Հետևաբար կներեք, ես ևս կարևոր գործեր ունեմ և պետք է լքեմ քննարկումները: Եթե կներկայանան նրանք, իմ հեռախոսահամարն ունեք, զանգահարեք և ես իմ կարևոր գործը կթողնեմ ու կմիանամ այս քննարկումներին»,- հայտարարեց պատգամավորը:
Երբ ցտեսություն և նորանոր հաջողություններ մաղթելով պատրաստվում էր հեռանալ, միջամտեց Գագիկ Մինասյանը, ով հորդերեց պատգամավորին դահլիճը չլքել:
«Պարոն Փաշինյան, ես ձեզ հորդորեցի տալ բացառապես տնտեսական հարցեր, բայց դուք անտեսեցիք իմ հորդորը, հիմա հորդորում եմ մնալ դահլիճում և մասնակցել քննարկումներին և խոսել հարիր բառապաշարով: Եթե դուք մի փոքր սպասեք, ձեզ կպարզաբանեն, թե ինչու Տարոն Մարգարյանը չի մասնակցում քննարկմանը»,- հայտարարեց Գ. Մինասյանը:
«Մենք այդ պարզաբանումները լսում ենք արդեն 3 տարի»,- եղավ արձագանքը պատգամավորի, ով հեռացավ դահլիճից: