29/10/2014 13:24
Հարց Մուկուչյանին. Որքա՞ն գումար է պետք արտահերթ ընտրությունների համար
Որքա՞ն գումար է պետք արտահերթ ընտրությունների համար, քանի որ եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Այսօր ԱԺ-ում 2015 թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին նման հարց ուղղեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս զարմացած արձագանքեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ»:
«Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար՝ առանձին-առանձին»:
Տիգրան Մուկուչյանը հատ-հատ սկսեց թվարկել, թե այս տարի քանի ՏԻՄ ընտրություններ են եղել. «132 համայնքում եղել են հերթական ընտրություններ, իսկ երեք համայնքում դեռ նախատեսվում են արտահերթ ընտրություններ: Եկող տարվա ընտրությունների ցանկը հաստատել ենք ու 150 համայնքում ունենք հերթական ընտրություն: Դրանք արդեն պլանավորվել են: Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար, ԿԸՀ-ն դրանք իրականցնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են»:
Զարուհի Փոստանջյանը պնդեց իր միտքը. «Բնականաբար, ես խոսում եմ օրենքով սահմանված ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները ևս օրենքով սահմանված են, ու սպասվում են եկող տարի»:
Նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 2017 և 2018 թվականներին»:
«Եթե չկա իրավական հիմք, ապա որևէ թիվ չի կարող հաշվարկվել, թե որքան պետք կգա ձեր ասած ընտրությունների համար»,- շարունակեց պարզաբանել Տիգրան Մուկուչյանը:
Զարուհի Փոստանջյանին չբավարարեցին պատասխանները, և նա շարունակեց. «Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովհագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա. ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն»:
«Տիկին Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշտգրտությամբ կարող եմ ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին»,- վստահեցրեց ԿԸՀ նախագահը՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով տիկին Փոստանջյանի հարցադրումներին: