29/10/2014 14:17
«Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցումը» պատրաստ է դիմել ՍԴ
Այսօր կամ վաղը «Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով կդիմի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը՝ նշելով, որ իրենց նախաձեռնության անդամների կարծիքով՝ նախարարության կողմից ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը խնդրահարույց է:
Նախաձեռնության անդամները առաջարկելու են մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն ազդի Հայաստանում բարեխիղճ աշխատողների վրա, ինչպես նաև պահանջում են, որ աշխատող կանանց ևս փոխհատուցվեն հղիության արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ստացած միջին եկամուտի 100 %-ի չափով:
Նրանք այլևս հրապարակային ակցիաներ չեն անելու, այլ սպասելու են նախարարության պատասխանին, և իրենց պահանջները չբավարարելու դեպքում պատրաստ են դիմել նաև ՍԴ:
Նախաձեռնության անդամներից Անուշ Բաբայանը ասաց, որ իրենց համար էլ մտահոգիչ են Կառավարության հիմնավորումները, որ խնդիր են տեսնում սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության հետ կապված, գումարը նպատակին չի ծառայում, բայց անընդունելի է դա անել մայրերի իրավունքները ոտնահարելու հաշվին:
Ա. Բաբայանի խոսքով՝ փաթեթում խնդրահարույց է կնոջ փոխհատուցման համար առավելագույն գումարային շեմի սահմանումը և ստաժի հետ կապված փոխհատուցման դրույթը:
Նրանք նաև նշեցին, որ դրանով կնպաստեն, որ շատերը կհրաժարվեն երկրորդ երեխան ունենալուց: