29/10/2014 13:06
Կառավարությունն իրատեսական է համարում 4,1 տոկոս տնտեսական աճի ապահովումը
Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Թեև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ձևավորվում է ոչ այնքան բարենպաստ տնտեսական պայմաններում, այնուհանդերձ բյուջեի ակնկալիքներն այս տարվա սպասումների համեմատ բավական լավատեսական են։
Կառավարությունն իրատեսական է համարում 4,1 տոկոս տնտեսական աճի ապահովումը։ Դրան հասնելու համար հիմնական շեշտադրումները երկու խումբ առանցքային ուղղություններով են, որոնց վրա գործադիրը մտադիր է կառուցել տնտեսական քաղաքականությունը։ Ազգային ժողովի հանձնաժողովներում սպասվող քննարկումներից առաջ, անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնացրեց գործարար միջավայրի բարելավումը, արտահանման խթանումը և տնտեսության հենքային ոլորտների զարգացումը։
Տնտեսական գործընթացները երկրում աշխուժացնելու և ներդրումներ ներգրավելու գլխավոր նախապայմանը կառավարությունը համարում է գործարար վստահության ձևավորումը։ Մի բան, ինչին ակնկալում է հասնել տնտեսավարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովման և երաշխավորման միջոցով։ Սա խնդիր է, որին տնտեսավարողները մշտապես բախվում են։
Պատահական չէ, որ ինչքան էլ վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանում տնտեսական միջավայրի բարելավում են արձանագրում, դրանից ներդրումները չեն ավելանում։ Այնպես որ, եթե գործադիրին հաջողվի թեկուզ մասնակի հաղթահարել մրցակցային դաշտում առկա բացասական երևույթները, ապա Հայաստանի տնտեսությունը մեծապես կշահի։
Տնտեսական գործունեության պայմանների բարելավման համար կառավարությունը, կարծես, փորձում է կատարել նաև առաջին քայլերը։ Խոսքը, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի և տեսչական ստուգումների ոլորտում սպասվող փոփոխությունների մասին է, որոնցով ակնկալվում է մի կողմից հավասար պայմաններ ստեղծել պետություն-գործարար հարաբերություններում, մյուս կողմից՝ կրճատել տնտեսավարողների մոտ իրականացվող անհարկի ստուգումները։
Թեև առկա որոշ անորոշություններին, այնուհանդերձ, հաջորդ տարվա տնտեսական քաղաքականության ոլորտում կառավարությունը կարևորում է Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրումը, ինչը կարող է դառնալ արտահանման ավելացման հիմնական խթաներից մեկը։ Բայց դրա համար անհրաժեշտ է համարվում երկրի տնտեսական պոտենցյալի համալրումը։
Նման հնարավորություններ գործադիրը տեսնում է ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության, ոսկեգործության և այլ ոլորտներում։ Ուստի մտադիր է ակտիվացնել այդ ուղղություններով նախատեսված ծրագրերը՝ արտահանմանն ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը համալրելով տնտեսության նոր ճյուղերով։