30/10/2014 13:30
Վարչապետը՝ նախարարին. Որևէ հղի կին օրենքի փոփոխություններից չպետք է տուժի
«Օրենքում փոփոխությունները պետք է այնպես անել, որ որևէ հղի կին դրա արդյունքում չտուժի»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է նվազեցնել աշխատող հղի կնոջը հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող նպաստը, փոխարենը նախատեսվում է նպաստ տրամադրել նաև չաշխատող կանանց:
Օրենքում այս դրույթի փոփոխությունը հարուցել է աշխատող հղի կանանց դժգոհությունը, ովքեր պահանջում են իրենց հասնելիք ողջ գումարը` դեմ չլինել չաշխատող մայրերին ևս գումար հատկացնելուն, առաջարկում են ոչ իրենց հաշվին:
Կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը խնդրի առնչությամբ դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատյանին:
Նախարարը չժխտեց, որ նախարարության օրենսդրական նախաձեռնությունը լայն քննարկումների առիթ է դարձել:
«Ես դրական արձագանք չեմ տեսել: Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի պատճառով կտուժի որևէ մեկ հղի կին: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի»,-Արտեմ Ասատրյանի խոսքը կտրեց Հ. Աբրահամյանը:
Ա.Ասատրյանն էլ նշեց, որ նախագծի լրամշակման արդյունքում հաշվի են առնվելու բոլոր առաջարկությունները. լրամշակված նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ: