30/10/2014 20:18
Ադրբեջանի մաքսիմալիստական կեցվածքը խաթարում է բանակցային գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անդրադառնալով Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը հայտարարել է, որ Փարիզում Իլհամ Ալիևը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի հստակ դիրքորոշումը առ այն, որ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է առաջին հերթին դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»:
Մամեդյավորը նշել է, որ հենց որ Ադրբեջանի պահանջները, որոնք աջակցություն են գտել նաև Մինսկի խմբի համանախագահողների կողմից և ֆիքսված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում կյանքի կոչվեն, տարածաշրջանում անվտանգության հաստատման լայն հնարավորություններ կբացվեն, քանի որ «իրենց հողերից» հայկական զորքերի դուրս բերումից հետո դիպուկահարների կարիք այլևս չի զգացվի:
Փարիզյան և դրան նախորդած հանդիպումները Սոչիում և Ուելսում փաստում են, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ադրբեջանի կողմից օգոստոսին սահմանում սանձազերծված ռազմական արկածախնդրությունից հետո փորձում են բանակցություններին այլընտրանք չլինելու թեզը ապացուցել «ադրբեջանական բազեներին», որոնք կոպտորեն խախտել էին համախագահների կողմից հայտարարվող և բոլոր հայտարարություններում շեշտված ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին անգամ հանդես է գալիս Բաքվի մաքսիմալիստական դիրքերից՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» բանաձևով: Մամեդյարովը կրկին խոսում է այն մասին, որ դիպուկահարները դուրս չեն բերվի, քանի դեռ հայկական ուժերը գտնվում են իրենց դիրքերում: Դա նշանակում է, որ Բաքուն կրկին սպառնալիքի լեզու է փորձում գործադրել և դիպուկահարների գործոնը օգտագործել՝ սահմանում անընդհատ լարվածությունը պահպանելու և կիսապատերազմական վիճակի թեզը միջազգային հանրությանը ցուցադրելու համար:
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի կատարման մասին՝ մոռանալով, թե ում համար էին այդ բանաձևերը 1990-ական թթ.-ի սկզբին ընդունվում: Մամեդյարովին սպառիչ պատասխան էր տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի մասին հայկական դիրքորոշումը: Նախագահը նշել էր, որ «խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:
Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը»:
Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ:
«Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում: Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»,- նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցված նախագահի ելույթում:
Իր հերթին, Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադառնալով փարիզյան հանդիպմանը նշել էր, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում բեկում մտցնելու համար նախապայմաններ չկան, քանի որ նախ` բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևաչափով` Արցախը չի մասնակցում դրան, երկրորդ` Ադրբեջանը բացեիբաց վարում է նացիստական քաղաքականություն:
Այսպիսով, փարիզյան հանդիպումը ինքնին դրական քայլ էր Ադրբեջանին ապացուցելու, որ բանակցային գործընթացին այլընտրանք և ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, ինչի մասին անընդհատ հայտարարում են Մինսկի խմբի համանախագահողները, իսկ ուժի լեզվով Հայաստանին և ԼՂՀ-ին զիջումներ պարտադրելը անհնար է՝ դա ապացուցեցին հերոսի մահով ընկած այն զինվորները, որոնք կյանքի գնով օգոստոսին հետ շպրտեցին ադրբեջանական դիվերսիոն խմբերի գրոհները: