30/10/2014 17:45
Աղետի գոտին լայն հասկացություն է. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզում խնդիրները շատ են: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հարցին, թե աղետի գոտի հասկացությունը ե՞րբ է վերանալու Շիրակի մարզից, վերջինս պատասխանեց, որ աղետի գոտի հասկացությունը ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական հարց է: «Պետք է կարողանալ մարդկանց հիշողություններից ևս այդ հասկացությունը վերացնել»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով` աղետի գոտին օրվա հացի կամ վառելիքի հայթայթումը չէ, այլ` տնտեսական հարցերի լուծումը. երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելը, նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծելը: Պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ եք վերականգնել այդ վնասները, Ֆ. Ցոլակյանը համոզմունք հայտնեց` այո: «Հիմա էլ վերականգնվել է ավելի շատ, քան կարծում են: Աղետի գոտի լինելուց առաջ այդքան բնակարան չկար Գյումրիում, որքան հիմա կա: Բնակիչներից մոտ 460 մարդիկ կան, ովքեր Կառավարության կողմից հատկացված գումարներով բնակարաններով են ապահովվել: Աղետի գոտի հասկացությունն ավելի լայն հասկացողություն է, քան մարդիկ ասում ու պատկերացնում են»,- հավելեց Ցոլակյանը` նշելով, թե 2014 թվականին բնակարաններով ապահովվել է բնակիչների մի մասը, իսկ մյուս կեսը հավանաբար դրանք կունենա 2015 թվականին:
«Աղետի գոտի ասելով՝ չեն հասկանում` տուն կա, կամ չկա: Աղետի գոտու հարցը պետք է ավելի խորը դիտարկել: Այո, Շիրակի մազրում շատ են խնդիրները, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լուծվեն դրանք: Կան վթարային շենքեր, քաղաքի բարեկարգման խնդիրներ, որոնք ևս անհրաժեշտություն են բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,- ասաց մարզպետը:
Շիրակի մարզպետից մենք հետաքրքրվեցինք նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցից, որը գտնվում է բոլորովին անմխիթար վիճակում: Ֆ. Ցոլակյանը նշեց, որ այդ մշակութային օջախի հետ կապված՝ այս տարի նախատեսված ծրագիր չկա, բայց մյուս տարվա ծրագրում հավանաբար կընդգրկվի:
«Կան կրթական ու մշակութային օջախներ, որոնք գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, և կան այնպիսիք, որոնք պատկանում են Գյումրու քաղաքապետարանին: Պետք է այն դիտարկել նաև քաղաքաշինության հնարավորությունների տեսանկյունից: Եթե 2014 թվականից 2015 թվականի բյուջեն գերազանցի, ապա դա ևս կընդգրվի հաջորդ տարվա ծրագրերում»,- ամփոփեց իրմիտքը մարզպետը: