30/10/2014 14:57
Գևորգ Կոստանյանը՝ Քննչական կոմիտեի քննիչների դեմ հարուցված քրգործերի մասին
«Քրեական գործի հարուցումը դատախազի իրավունքն է»,- այսօր լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով դատախազության կողմից Քրեական կոմիտեի և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Նրա խոսքով, եթե դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ` պարտավոր է քրեական գործ հարուցել, եթե կան չարաշահման հետ կապված հարուցված քրեական գործեր, դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ համակարգերի ղեկավարների, համակարգերի աշխատողների միջև կան որոշակի հակասություններ:
«Ինձ համար անընդունելի է և զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով ու դրդումներով»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Նա նաև նշեց, որ քրեական գործի հարուցումը անմիջապես մարդու ճակատագրի հետ է կապվում և երբեք էմոցիոնալ և անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով, չի կարելի մարդու ճակատագիր որոշել:
«Որևէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չեն կարող նման հարցերը քննարկվել, չի կարելի նման հարցերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև մենք գործ ունենք յուրաքանչյուր քրեական գործով կոնկրետ մարդու ճակատագրի հետ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ նշելով, որ դա պարտավորեցնում է յուրաքանչյուրին, հատկապես դատախազին` լինել զուսպ և հատկապես կշռադատված մոտեցումներով հիմնավորված:
Նախորդող հրապարակումներ՝ Քննչական կոմիտեն հուսով է՝ քրեական գործերով կապահովվի քննության լրիվություն
Դատախազությունը քրգործեր է հարուցել քննչական կոմիտեի պաշտոնյաների նկատմամբ