30/10/2014 19:22
Գոռ Հակոբյան. Հայաստանում սեքսի մասին հումոր անել չես կարող
Արդեն մեկ ամիս է`«Արմենիա» հեռուստաընկերության եթերում է «Ֆուլ հաուս» սիթքոմը: Life.panorama.am-ը զրուցել է Ֆելիքսի դերակատար, ծնունդով գյումրեցի Գոռ Հակոբյանի հետ, ով մինչ այդ հայտնի էր իր «Անտիվիրուս» հումորային հաղորդմամբ:
-Այսօր, բացի սիթքոմից՝ ուրիշ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Գործնականում՝ ոչ մի, քանի որ սիթքոմը խլում է իմ գրեթե ամբողջ ժամանակը: Այդպիսի տեմպով չեմ հասցնի որակով որևէ բան ձեռնարկել: Այնպես որ, այժմ միայն այս նախագծում եմ զբաղված, մինչև առաջին եթերաշրջանը դեկտեմբերին կավարտվի և ես հունվարի նորից կզբաղվեմ «Անտիվիրուսով»՝ մինչև «Ֆուլ հաուսի» հաջորդ եթերաշրջանը:
-Միթե՞ եթերաշրջանների միջև ժամանակային տարբերությունն այդքան մեծ կլինի:
-Ներկա պահին նախատեսված է երեք եթերաշրջան՝ աշուն, գարուն և մյուս աշուն: Այսինքն՝ ձմռանն ու ամռանը սիթքոմը արձակուրդում կլինի:
-Փաստորեն, «Անտիվիրուսի» երկրպագուները չհուսահատվեն և սպասեն:
-Անպայման, քանի որ պահանջված է և շատերն են նրան սպասում:
-Գոռ, չե՞ք ցանկանում «Անտիվիրուս»-ն ավելի լայն ասպարեզ դուրս բերել:
-Գիտեք, երբ նման նախագիծը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, փոփոխությունների է ենթարկվում: Չէ՞ որ եթերային էթիկա գոյություն ունի: Չես կարող այն, ինչը youtube-ով ես հեռարձակում, նույնությամբ եթեր տալ: Որակը տուժում է: Երբ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր, բավական կրճատվում էր: Այդ պատճառով որոշեցինք՝ ավելի լավ է միայն youtube-ային տարբերակով լինի: Միևնույն է, այնտեղ ավելի շատ դիտորդ ունի, քան հեռուստատեսությամբ:
-Իսկ բեմից հանդիսատեսի հետ շփվելու մասին չե՞ք մտածում: Ձեր շատ գործընկերներ հենց այդպես էլ անում են:
-Չի բացառվում, որ հետագայում նման ֆորմատով հանդես գանք: Ես տարբեր երկրներից հրավերներ ունեցել եմ, պարզապես պահը հարմար չի եղել, քանի որ Հայաստանից այդ պահին բացակայել չէի կարող:
-Այսօրվա հայկական հումորի որակից գո՞հ եք:
Կան մարդիկ, ովքեր «անկապությամբ» են զբաղվում, չես հասկանում ասելիքը: STAND UP հումորը բարդ գործողություն է ու յուրաքանչյուրին հասանելի չէ: Բայց որակյալ հումոր այսօր մենք ունենք: Նույնիսկ մի քանի նախագծեր կարող եմ նշել, որոնք երկար տարիների կյանք ունեն: Չեմ կարծում, եթե վատը լինեին, այդքան երկար կապրեին:
-Բայց հումորը պե՞տք է սահմաններ ունենա:
-Կախված է ուղղվածությունից, եթե թեմատիկ է, ապա ճիշտ կլինի իր ուղղվածության մեջ մնա, չկրճատվի, որ ուղղվածությունը չկորի: Օրինակ` ռուսական «Универ» սիթքոմում միայն սեքսի մասին է խոսվում, դա է իր ուղղվածությունը: Հայաստանում, բնականաբար, նմանատիպ հումոր անել չես կարող, մեր մենթալիտետն է այլ:
-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Այո, ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
-Իսկ մինչ այժմ այլ նախագծերում, ֆիլմերում հանդես եկե՞լ եք, թե՞ «Անտիվիրուսը» Ձեր առաջի՞ն գործն էր:
-Իմ առաջին գործն է եղել: Եթե ճիշտն ասեմ, երբևիցե դեպի թատրոն քայլ չեմ արել ու չեմ ձգտել ներկայացումներում հանդես գալ: Իսկ ֆելմերի հետ կապված՝ ուղղակի դեռևս հարմար առաջարկ չի եղել, որ ընդունեմ:
-«Ֆուլ հաուսում» միայն դերասա՞ն եք հանդես գալիս, թե՞ միջամտում եք նաև սցենարական աշխատանքներին:
-Միայն դերասան եմ, սցենարը գրում են Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը:
-Գոռ, ասացիք, որ թատրոնի կողմ քայլ չեք արել: Ձեզ նույնպե՞ս թատրոնի աղքատիկ բյուջեն է ետ պահել բեմից:
-Ես ավելի անկեղծ կլինեմ: Մարդու մեջ պետք է լինի թատրոնը: Եթե դու չունես դեպի թատրոն ձգվածություն, ապա չես կարող թատրոնի մեջ տեղավորվել, քեզ այնտեղ գտնել: Ես ուղղակի չցանկացա գնալ և ինձանով <փչացնել> թատրոնի բեմը: Չզգացի, որ ինձ մոտ դա կստացվի:
-Դուք բացառի՞կ համեստ գյումրեցի եք:
-Երևի (ծիծաղում է):
-Հայաստանում երիտասարդի համար, ով որոշում է արվեստի բնագավառ մտնել, դժվարություններն ու արգելքները շա՞տ են:
-Այո, շատ-շատ են: Նախ՝ այդ ճանապարհին կհանդիպեն մարդիկ, ովքեր կփորձեն խոչընդոտել, ամեն կերպ չթողնել, որ դու հասնես քո նպատակին: Ինքս անցել եմ նմանատիպ մարդկանց «տրորելով»: Իհարկե, այն, ինչ ես հիմա եմ անում, արվեստ չէ: Արվեստն ինձ համար փառահեղ մի բան է, որն ընդհանրապես կապ չունի իմ ներկայիս գործունեության հետ: Ես արվեստ չեմ մտել ու չեմ էլ պատրաստվում, որովհետև դա իմ բնագավառը չի և կրկնվեմ՝ չեմ ուզում ինձանով «փչացնել» լուրջ գործունեություններ՝ թատրոնը, կինոն: Իհարկե, խոսքս լուրջ ֆիլմերի մասին է, ոչ թե «պոպկոռնային»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: