30/10/2014 13:44
Հ. Մանուկյան. Համաձայն եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում առկա գնահատականներին
Ինչքան օրենսդրական ընթացակարգն արդյունավետ և ճիշտ հաշվարկված լինի, այնքան ավելի լավ որակի օրենքներ կունենանք: Այս մասին այսօր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված «Հայաստանի օրենսդրական գործընթացի ամբողջական գնահատում» զեկույցի շնորհանդեսին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Զեկույցը պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով:
Հովհ. Մանուկյանի խոսքով՝ զեկույցը նպատակ ունի պարզելու, թե ինչն ավելի արդյունավետ կերպով կանդրադառնա իրավական ակտերի և օրենքների որակի վրա:
Նա նշեց, որ մեծ հաշվով համաձայն է զեկույցում առկա գնահատականների և հատկապես նրա հետ, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ, և պետք է գտնել ուղիներ, որ շտապողականությունը բացասաբար կերպով չազդի ընդունվելիք օրենքի որակի վրա:
Շնորհանդեսին ներկա ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ լուրջ անելիքներ է տեսնում և պետք է ապահովել օրենսդրական նախաձեռնությունների բազմակողմանի քննարկումը, որովհետև հաճախ են լինում դեպքեր, երբ օրենսդրական նախաձեռնության առաջին, երկրորդ ընթերցման ժամանակ պարզվում է, որ կան շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ովքեր կարող են իրենց գործունեությամբ և խորհուրդներով բարելավել այդ նախաձեռնությունը:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ»-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի խոսքով՝ լրացուցիչ առաջարկություններ մշակելու համար իրենք Արդարադատության նախարարության օժանդակությամբ կկազմակերպեն 4 քննարկում՝ նվիրված օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին, ինչպես նաև աջակցելու են ՀՀ-ում Կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ»-ի ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թագվեգերն իր հերթին ասաց, որ իրենք շարունակելու են աջակցել Հայաստանին՝ օրենսդրական գործընթացը բարեփոխուելու հարցում, իսկ արդյունավետ օրենքներ կարելի է մշակել միայն թափանցիկ և քննարկումների վրա հիմնված գործընթացով:
Ըստ զեկույցի՝ մտահոգության տեղիք են տալիս հետևյալ ոլորտները.
Օրենսդրական գործընթացը չափազանց ֆորմալացված է, իսկ սահմանված ժամկետները՝ կարծր, օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում բավարար աշխատանքներ չեն տարվում քաղաքականության ձևավորման ուղղությամբ, քաղաքականության ձևավորման փուլում գործադիրը բավարար չափով չի խորհրդակցում շահակիցների հետ, կարգավորման ազդեցության ամբողջական և արժանահավատ գնահատում չի իրականացվում, օրենքների նախապատրաստման հարցում իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնության բացակայությունը, օրենսդրական նախագծեր մշակելու գծով հատուկ պատրաստված կադրերի անբավարարությունը, օրենսդրական գործընթացում Ազգային ժողովի իմաստալից դերակատարման անբավարարությունը և այլն:
Նախորդող հրապարակում՝ Նախարար. Կարևոր է քաղհասարակության մասնակցությունն օրենսդրական գործընթացին