30/10/2014 13:09
Հովհ. Սահակյան. Ցավոք, ԱԺ-ն երբեմն վերածվում է քաղաքական բեմահարթակի
ԱԺ հնարավորությունները փոքր-ինչ քիչ են: Օրինակ՝ մենք ունենք 12 հանձնաժողով և ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսը ծանրաբեռնվածության առումով ընկնում է 2-3 հանձնաժողովի վրա. Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` ճիշտ չէ թվային առումով գնահատելը, թե օրենսդրական գործունեությունում Կառավարությո՞ւնն է ավելի նախաձեռնողական, թե՞ Ազգային ժողովը: «Անձամբ մենք, որպես իշխանությունը ներկայացնող ուժ, իրականացնում ենք մեր ծրագրերը և քաղաքականությունը»,-ասաց նա:
Սահակյանի խոսքով`ԱԺ-ն միայն իշխանական թևը ներկայացնող պատգամավորներից չէ բաղկացած:
«Կան նաև ընդդիմադիր ուժեր և մենք կարող ենք թվային պատկերը վերցնել և տեսնել, թե ինչպիսի նախաձեռնողականություն ունեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ Ազգային ժողովը երբեմն վերածվում է ընդամենը քաղաքական բեմահարթակի, որովհետև ընդամենը քաղաքական տեսակետներ են հնչեցնում կամ միտինգային տրամադրությունները փորձում են տեղափոխել Ազգային ժողով»,-ասաց պատգամավորը: