30/10/2014 10:20
Վանաձորում հզոր ջերմաէլեկտրակայան կառուցելու ծրագիրը տապալման վտանգի առաջ է
ՀՀ կառավարության «Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ Վանաձորում հզոր ջերմաէլեկտրակայան կառուցելու ծրագիրը տապալման վտանգի առաջ է: Համենայն դեպս, այդ ծրագրի իրականացման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ առ այսօր չի արվել: Խոսքը մոտ 600 միլիոն դոլարանոց ծրագրի մասին է, որի շրջանակներում վրացական «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը Վանաձորում պետք է կառուցի 540 մՎտ հզորությամբ ՋԷԿ: Դրա արտադրած էլէներգիան պետք է արտահանվի Վրաստան և սնուցի Սև ծովի ափին հիմնվելիք Անակլիա նավահանգիստը, որտեղ կառուցվելու է ադրբեջանական գազը հեղուկացնող գործարան: Այս նախագծի շուրջ համաձայնագիրը Հայաստանի և Վրաստանի իշխանությունների կողմից ստորագրվել էր դեռ այս տարվա օգոստոսին:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ծրագրի հնարավոր տապալման պատճառներից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ այդ հեղուկացված գազը մատակարարվելու է հիմնականում եվրոպական երկրներին, ինչը այնքան էլ դուր չի գալիս Ռուսաստանի իշխանություններին: