30/10/2014 10:40
Կապանում վրաերթի են ենթարկել 10-ամյա տղային
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ, 2004թ. ծնված Սամվել Մեժլումյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, 1975թ. ծնված Ա.Հալիվորյանը, ով աշխատում է Կապանի քաղաքապետարանում որպես վարորդ, իրեն ամրակցված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սամվել Մեժլումյանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով վարորդի կողմից տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: