30/10/2014 13:52
Կարեն Բեքարյան. Նույնիսկ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից
Նախագահների փարիզյան հանդիպումը լավատեսության հիմք տվեց, որ կոնտակտները կան և շարունակվում են, և տվեց նաև որոշակի հոռետեսություն, որ ոչ մի բան տեղից չի շարժվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով հանդիպման դրական և բացասական կողմերը:
Քաղաքագետ-վերլուծաբանն առաջին հերթին նկատեց, որ բացասական էր հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի չմասնակցելը բանակցություններին.
«Այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կողմը չի մասնակցում դրանց»:
Դրական կողմերից նա առանձնացրեց, լավ, թե վատ, բայց բանակցությունների շարունակականությունը
«Նույնիսկ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից: Սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացումների չեն բերի»,- ասաց Կ. Բեքարյանը:
Քաղաքագետ-վերլուծաբանը հիշեցրեց, որ այս կամ այն միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մենաշնորհ ստանձնելը բավականին վտանագվոր կլինի. «Այս առումով լավ է, որ միջնորդ երկրների ղեկավարներն առանձին-առանձին նախագահների հանդիպումներ կազմակերպեցին»: